թուրքԹուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հանդիպում է ունեցել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների հետ:
Մուսուլմանների սրբազան ամսվա` Ռամադանի կապակցությամբ հրավիրված ճաշկերույթին մասնակցել են Թուրքիայում բնակվող ոչ մուսուլման ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Հունական, հրեական և հայկական համայնքը ներկայացրել են հիմնադրամների ղեկավարները: Ճաշկերույթին մասնակցել է նաև Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

Թուրքիայի փոխվարչապետը հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը` անվանելով այն «իրենց ողբերգություն»:

«Շատ բարդ օրեր են տեսել: Կայսրությունը փլուզումը, համաշխարհային պատերազմները, Տրապիզոնի,Մալաթիայի դեպքերը, Հրանտ Դինքի սպանությունը: 1915 թվականի ողբերգությունը նաև մեր ողբերգությունն է: Տուժել են և հայեր, և թուրքեր: Չենք ցանկանում կրկին նման օրեր վերապրել»,-հայտարարել է Արընչը:

Նշեմ, որ Թուրքիան պաշտոնական մակարդակով տասնամյակներ շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և ամեն կերպ պայքարում այդ մեծագույն ոճրագործության միջազգային ճանաչման դեմ:


Վերջին շրջանում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները փոխել են մարտավարությունը` ընդունելով, որ «1915-ին «որոշ բաներ» են եղել, որից տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև մեծ թվով թուրքեր»: Թուրքական քարոզչամեքենան նաև փորձում է ցույց տալ, թե իբր «հայերը դարեր շարունակ խաղաղությամբ ապրել են Օսմանյան կայսրությունում»: Ամեն դեպքում, պաշտոնական Անկարան ամեն կերպ փորձում է խույս տալ Հայոց ցեղասպանության իրականացման համար պատասխանատվությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել