Պարսկաստանից Արեւմտահայաստան զենք, զինամթերք եւ մարտական ուժեր տեղափոխելու համար անհրաժեշտություն էր դարձել, որ թուրք-պարսկական սահմանին մոտ հենակետ ստեղծվի հայդուկների համար: Հենակետի համար շատ լավ ռազմավարական դիրք ուներ Սալմաստի Դերիկա վանքը: Դերիկա Վանքում հոգեւոր սպասավոր էր արցախցի Մովսես Իշխանյանը, ով քաջակորով ու գործունյա երիտասարդ էր, եւ վանքում հանգրվանելու հենց առաջին իսկ օրից ձեռնարկել էր վանքի վերականգնումը եւ ամրացումը:
Ահա այստեղ էլ հանգրվանում են հայդուկային խմբերը: Նրանց առաջին գործը եղավ վանքի պարսպապատումը: Մինչ հայդուկների այստեղ հաստատվելը քուրդ ավազակները անընդմեջ թալանի էին ենթարկում տեղի թե հայկական, թե պարսկական գյուղերը, սակայն դրությունը կտրուկ փոխվեց, երբ հայդուկային հենակետ դարձավ Դերիկա վանքը:
Քրդերը այլեւս չէին համարձակվում անհանգստացնել խաղաղ բնակչությանը, քաջ գիտակցելով, թե ինչ պատժի կարժանանան հայդուկների կողմից: Սակայն մի օր քրդերը վանքի ոչխարների գողանալու նպատակով գողեգող մոտենուն են վանքին, եւ Մոսվսես վանահայրը իր երկու օգնականների՝ Ղազարի ու Նշանի հետ նկատելով դա կռվի են բռնվում մեծաքանակ քրդերի հետ: Անհավասար կռվում երեքն էլ զոհվում են: Արմենակ Եկարյանը վաղօրոք պարզելով հարձակումը իրականացրած քրդերի ինքնությունը որոշում է վրեժխնդիր դառնալ: Նա ութ հայդուկի հետ նախօրոք գնում են Խանիկ գյուղ եւ բարձրանալով նրա մերձական բարձրունքը՝ որտեղ պետք է հայտնվեին քրդերը, դարանակալում են նրանց: Ֆիդայինները չէին սխալվում: Կեսօրին գալիս են քրդերը եւ անտեղյակ հայ ֆիդայինների ներկայությունից՝ հանգիստ մտնում են ձորն ու հայտնվում վաղօրոք պատրաստված ծուղակում: Հայդուկները անխնա կոտորում են քրդերին, սակայն նրանցից մեկը վիավորվելով կարողանում է ծողոպրել, եւ հայդուկների արարքի մասին հայտնում է Վանի կուսակալ Բահրի փաշային: Նման հարմար առիթը նա չէր կարող ձեռքից բաց թողնել, որպեսզի ջնջի Դերիկա վանքը աշխարհի երեսից, իսկ հայդուկներին կոտորի: Նա ավելի քան 500 հոգուց բաղկացած պատժիչ զորախումբ է կազմում եւ շարժվում դեպի Դերիկա վանք: Թուրքերը պաշարում են վանքը, որտեղ կային 17 քաջարի մարտիկ: Ավելի քան 6 ժամ, հայդուկները ետ են մղում թուրքերի եւ քրդերի հարձակումները: Հայդուկների դիմադրությունը ընկճելու նպատակով թշնամու ձեռնարկած բոլոր փորձերը անցնում են ապարդյուն: Կռվի ընթացքում մի հետաքրքիր դիպված է տեղի ունենում: Կռվի թեժ պահին թուրքերի ուշադրությունն ՝ գրավում վանքի 14-ամյա տավարածը: Սկսում են հեռվից կրակել պատանու վրա: Տեսնելով այդ՝ Նիկոլ Դումանը Սեւքարեցի Սաքոյի հետ դուրս են գալիս դիրքից եւ, տղային փրկելու նպատակով, շարժվում մոտակա բլուրը: Տղայի մայրը, արդեն հաշտվելով տղայի կորստյան հետ, խնդրում են արի հայդուկներին չվտանգել իրենց կյանքը: Սակայն մի քանի րոպե անց Նիկոլն իր մարտական ընկերոջ հետ հասնում է մոտակա բլուրը եւ այնտեղից գնդակների անվրեպ տարափ է տեղում թուրքերի եւ քրդերի գլխին ու հնարավորություն է տալիս պատանուն անվտանգ հասնելու վանք:
Թուրք-քրդական պատժիչ ջոկատները, հանդիպելով համառ դիմադրության տալով բազմաթիվ զոհեր, թողնում են վանքի պաշարումը:
Դերիկի ֆիայի-պաշտպանների հերոսական դիմադրությունը փլուզում է թշնամու ձեռնարկումներից եւս մեկը: Հայդուկների մղած մարտերը մեծ տպավորություն են գործել ոչ միայն այդ շրջանում բնակվող հայերի, այլեւ քրդերի վրա, որոնք երգեր են հյուսել ֆիդայինների եւ նրանց կռիվների մասին: Հայ ֆիդայիներին ձոնած երգերում քրդերն արտահայտել են իրենց վախը եւ սարսափն ու միաժամանակ՝ հիացմունքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




