Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ճանաչվել անգործունակ, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրենց իրավունքներից պատշաճ և լիարժեք օգտվելու, որոշում կայացնելու և ինքնուրույն գործելու հնարավորությունից ինչպես կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում, այնպես էլ ամենօրյա կենցաղային հարցերում, ինչպես նաև իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելու պարտավորությունից:

Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն և իր անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:

Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք: Խնամակալը, նրա ամուսինը և մերձավոր ազգականներն իրավունք չունեն գործարքներ կնքել խնամարկյալի հետ, բացառությամբ խնամարկյալին որպես նվեր կամ անհատույց օգտագործման գույք հանձնելը, ինչպես նաև խնամարկյալին ներկայացնել նրա ու խնամակալի ամուսնու և նրանց մերձավոր ազգականների միջև գործարքներ կնքելիս կամ դատական գործեր վարելիս:

Անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է իր հետևյալ դիրքորոշումները.

Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հանգամանքը, որ բողոք բերող անձը չի ունեցել դատարանի առջև հանդես գալու համար բավարար գործունակություն, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

Դատարանը նաև արձանագրել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, քանի որ անձի մասնակցությունը որոշում կայացնելու գործընթացում հասցված է եղել զրոյի, քանզի բացի այն, որ անձը մասնակցություն չի ունեցել դատական նիստերին, անձամբ չի քննվել դատարանի կողմից, անձը նույնիսկ հնարավորություն չի ունեցել բողոքարկել որոշումը, քանի որ դատարանը վարույթ չի ընդունել դիմողի բողոքը:

Սիկորան ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործով դատարանը նշել է, որ անգործունակ ճանաչելու կամ գործունակությունը սահմանափակելու յուրաքանչյուր դեպքը պետք է հիմնված լինի բավարար վստահելի և վերջնական ապացույցների վրա: Բժշկական մասնագիտական զեկույցը պետք է նշի, թե ինչ տիպի գործողություններ է դիմումատուն ոչ ի վիճակի հասկանալ կամ ղեկավարել, որոնք են իր հիվանդության հետևանքները անձի սոցիալական կյանքի համար, առողջության, նյութական շահերին և այլն:

Տաթև Շալջյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

 

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել