Թուրքական իշխանական լրատվամիջոցները հրապարակել են Ֆ. Գյուլենի՝ երիտասարդական տարիների գաղտնի գործունեության վերաբերյալ գրող-հետազոտող Սայիդ Ալփսոյի բացահայտումները, ով երկար ժամանակ զբաղված է եղել գյուլենական համայնքի գրահրատարակչական աշխատանքներով: Ըստ այդ հրապարակումների՝ Գյուլենը զինվորական պարտադիր ծառայությունը վաղաժամ ավարտելուց հետո ուղարկվել է ծառայության Թուրքիայում գործող Հատուկ պատերազմի բաժին, դրա ցուցումով գործուղվել Էրզրում և հիմնել Կոմունիզմի դեմ պայքարի միության երկրորդ մասնաճյուղը՝ դառնալով ՀՊԲ-ի կարևոր գործակատարներից մեկը: Թուրքիայի արևմտյան շրջաններում առաջին մասնաճյուղը գործում էր Իզմիրում: Ինչ էր իրենից ներկայացնում ՀՊԲ-ն: Դեռևս 1940-ական թթ. վերջերին Թուրքիայից մի խումբ զինվորականներ են գործուղվել ԱՄՆ՝ հակակոմունիստական պայքարի վերապատրաստման նպատակով, որոնց մասնակցությամբ էլ հետագայում Թուրքիայում ստեղծվում է Հատուկ պատերազմի բաժինը (ՀՊԲ, Özel Harp Dairesi), կամ ինչպես ընդունված է եղել անվանել, կոնտրգերիլլա խմբերը: 1952 թ. ներկայիս ԱԱԽ-ի նախատիպը հանդիսացող Ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի որոշմամբ ԳՇ-ի կազմում ստեղծվում է «Մոբիլիզացիոն հետազոտության խորհուրդը», որը սկսում է գործել 1954 թ. սկսած: 1967 թ. այդ կառույցը անվանափոխվում է՝ դառնալով ՀՊԲ, որը յուրահատուկ գաղտնի «բանակ» էր հենց բանակի ներսում: Դրա հիմնական գործառույթը հակակոմունիստական պայքարի կազմակերպումն ու երկրի ներսում ձախերի դեմ տարվող պայքարն էր, ԽՍՀՄ-ի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելը: Սակայն այդ կառույցի անվանումը կապված է մի շարք աղմակահարույց իրադարձությունների հետ: ՀՊԲ-ը գործունեության լայն դաշտ ստացավ հատկապես 1960-ական թթ. վերջերին և 1970-ական թթ. ընթացքում, երբ Թուրքիայում բավական ակտիվացել էին ձախակողմյան տարբեր շարժումներն ու ծայրահեղական կազմակերպությունները: Երկրում կոմունիստական ու ձախակողմյան շարժումների դեմ պայքարող կոնտրգերիլլա հակապարտիզանական ստորաբաժանումների պայքարը համակարգող ՀՊԲ-ն սերտ կապերի մեջ էր ազգայնական ուժերի՝ մասնավորապես «գորշ գայլերի» հետ, ինչը նպաստեց նաև այդ ուժի հզորացմանը: ՀՊԲ-ն «գորշ գայլերին» դիտարկում էր որպես արդյունավետ միջոց ձախակողմյան շարժումների դեմ պայքարելու համար և սկսեց օգտագործել նրանց: 1960-ական թթ. վերջին ՀՊԲ-ի օժանդակությամբ ստեղծվեցին «գորշ գայլերի» «կոմանդոս ճամբարները», որոնք կարևոր դեր խաղացին դրանց ահաբեկչական գործունեության համար: ՀՊԲ-ի և «գորշ գայլերի» համագործակցության օրինակներից է 1977 թ. Ստամբուլի Թաքսիմ հրապարակի արյունոտ իրադարձությունները, երբ աշխատավորների զանգավածային ցույցի ժամանակ զոհվեց 3 տասնյակ, վիրավորվեց 100-ից ավել մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել