Panorama.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։ Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության Նախագահը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ միասին հյուրընկալել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»-ի նույն ծրագրի շրջանակներում մեր երկիր այցելած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մի շարք ընկերությունների՝ «Պարալելս», «Ակրոնիս» ընկերությունների և «Սկոլկովո» հիմնադրամի ղեկավարներին: Հիմնադրամը նույն ծրագրի ներքո համատեղել է շախմատը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նկատի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրած այդ ոլորտներին մեծ նշանակություն է տրվում:
Հանդիպմանը ներկա հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ ծրագրի նպատակն է՝ Հայաստանն իր հաջողություններով ու առանձնահատկություններով ներկայացնել աշխարհին և զարգացման նոր հնարավորություններ ստեղծել մեր երկրում այդ և հեռանկարային մի շարք ոլորտներում:
Նախագահը ողջունել է հյուրերին և հիմնադրամի առաքելությունը, ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել աշխարհի հզորագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին՝ նկատի առնելով նաև շախմատի նկատմամբ Հայաստանում ձևավորված վերաբերմունքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



