Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ` Դևիդ Քեմերոնի հետ: Ինչպես հաղորդում է  թուրքական TRT Haber-ը, Թուրքիայի վարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ: 20 րոպե տևած զրույցի ընթացքում քննարկվել են Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Խոսելով իրաքյան իրադարձությունների մասին` կողմերն ընդգծել են, որ երկրում առկա լարվածությունը կարող է լավագույնս թոթափել Իրաքում ազգային միասնական կառավարության ստեղծումը:

Անդրադառնալով սիրիական խնդրին` Էրդողանը հիշեցրել է, որ ներկայումս ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստական հաստատվել է Թուրքիայում: Նա կոչ է արել ԵՄ անդամ երկրներին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը:

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Քեմերոնը համաձայնության են եկել նաև ահաբեկչության դեմ պայքարում համատեղ պայքարը շարունակելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել