Որոշակի գործընթացների արդյունքում մեր մոլորակի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է: Աղտոտող նյութերը, ինչպիսիք են մուրն ու ջերմոցային գազերը, օրինակ՝ մեթանը և ածխաթթուն, ջերմությունը պահում են երկրի մթնոլորտում: Գլոբալ միջին ջերմաստիճանն աճում է, սառցե գլխարկները՝ հալվում, ծովի մակարդակը՝ բարձրանում, իսկ ծայրահեղ եղանակային պայմանները՝ էլ ավելի ծայրահեղ դառնում:

Այնուամենայնիվ, ամերիկացի ուսանողները կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու ամենազիլ ճանապարհներն են գտնում: Այստեղ ներկայացված են 6 բնապահպանական նախագծեր, որոնք կարող են նվազեցնել կլիմայական փոփոխությունների կործանարար ազդեցությունները:

Brain_climatechange

 1 «REECycle»

Հազվագյուտ տարրերի վերամշակում՝ ուղղված էներգախնայողությանը և գումար վաստակելուն 

Աշխարհի բազում երկրներ մեծ կախվածություն ունեն հանածո վառելիքներից: Այդ կախվածությունից ազատվելու մասին խոսելը հեշտ է, սակայն գործնականում ազատվելը՝ դժվար: Այնուամենայնիվ, Հյուստոնի համալսարանի ուսանողների կողմից մշակված «REECycle» ծրագիրը կարող է նպաստել էներգիա ստանալու այլընտրանքային մեթոդների կիրառմանը:

Արդյունավետ էլեկտրական շարժիչները և հողմաշարժիչները կախված են նեոդիմից և դիսպրոզիումից՝ կազմված նեոդիմային մագնիսներից: Նեոդիմն ու դիսպրոզիումը հազվագյուտ հողային տարրեր են: Այս տարրերը դժվար է հայտնաբերել և վնասակար է արդյունահանել: Այնուամենայնիվ, REECycle-ի շնորհիվ մշակվել է այս տարրերն անպիտան էլեկտրոնիկայից ստանալու, ապա դրանք վաճառելու եղանակ:

Գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ: REECycle-ի շրջանակներում պղնձյա շերտը հեռացվում է արտադրանքներից, նեոդիմն ու դիսպրոզիումը տարրալուծվում են լուծիչի մեջ, մնացորդային մետաղները փորվում են, ապա վաճառքի նպատակով զտվում են հազվագյուտ հողային տարրերը: Արդյունքում նվազում է հազվագյուտ հողային տարրերը անմիջապես հանքավայրերից արդյունահանելու անհրաժեշտությունը, էներգիայի արդյունավետ գեներատորների ստեղծումն ավելի մատչելի ու ավելի հեշտ է դառնում, և ստեղծվում է շրջակա միջավայրի համար նպաստավոր գործունեություն ծավալելու ֆինանսական շարժառիթ՝ մի բան, որ վառելիք արտադրող ընկերությունները հազվադեպ են ունենում:

Հանածո վառելիքների ավելի սակավ օգտագործումը կարող է նվազեցնել կախվածությունն արտասահմանյան նավթից և խթանել ներդրումների կատարումը մաքուր էներգիայի տեղական աղբյուրների մեջ:

 2 «KAir Battery»

Էներգախնայող կալիումաթթվածնային մարտկոց

Օհայոյի պետական համալսարանի այս գյուտը լավագույն նորարարական գյուտերից է: «KAir» մարտկոցի մեջ օգտագործվում է կալիում: Այս քիմիական տարրի նշանը պարբերական աղյուսակում K-ն է: Կալիումը կազմում է մարտկոցի բացասական լիցքով անոդային մասը: Դրական լիցքով դիոդը ծակոտկեն, թթվածնով հարուստ ածխածին է, որն ավելի շատ թթվածին է ներքաշում օդից, մինչ մարտկոցն օգտագործվում է կալիումի օքսիդ (KO2) ստանալու համար:

Երբ մարտկոցը լիցքավորվում է, KO2-ն տարրալուծվում է իր սկզբնական տարրերին՝ վերականգնելով այն ամենը, ինչը վերացել էր օգտագործման ընթացքում: Այս գործըթացի շնորհիվ մարտկոցն ավելի էներգախնայող է դառնում, իսկ ոչ թունավոր նյութերի շնորհիվ այն այլ մարտկոցներից ավելի մատչելի է ու ավելի հեշտ է արտադրվում:

 3 «Meter Genius»

Նախագիծ, որը հնարավորություն է տալիս գումար խնայել և հետևել, թե որքան էներգիա եք ծախսում

Մարդիկ օգտագործում են հաշվիչներ, որոնց վրա նշվում է, թե որքան էներգիա են նրանք սպառել տվյալ ժամանակամիջոցում: Սակայն «MeterGenius»-ի շնորհիվ Դուք կարող եք ոչ միայն հետևել սպառած էլեկտրաէներգիայի չափին, այլև խորհուրդներ ստանալ, թե ինչպես խնայել էլեկտրաէներգիան և գումարը: Այդ խորհուրդները հիմնվում են Ձեր՝ էլեկտրաէներգիայի օգտագործման առանձնահատկությունների վրա:

Այս նախագիծը մշակվել է Հյուսիսարևմտյան համալսարանի ուսանողների թիմի կողմից: «MeterGenius»-ը գումար տնտեսելուց բացի, էներգիան խնայելու այլ շարժառիթներ էլ ստեղծում: «MeterGenius»-ի շնորհիվ մարդ կարող է պարզել, թե իր հարևանների համեմատ որքան ավելի շատ կամ քիչ էլեկտրաէներգիա է ծախսում (այն դեպքում, եթե հարևաններն էլ են օգտագործում «MeterGenius»): Բնապահպանական խնայողությանը ավելանում է առողջ մրցակցությունը: Եթե մրցակցությունը Ձեզ համար չէ, Դուք, այնուամենայնիվ, կարող եք բոնուսային միավորներ վաստակել, որոնք հնարավորություն կընձեռեն ավելի քիչ վարձ վճարել: Այս նախագծի բացասական կողմը միայն այն է, որ «MeterGenius»-ից օգտվելու հնարավորություն կընձեռվի միայն ԱՄՆ-ի 16 նահանգների բնակիչներին:

 4 «California Wave Power Technologies»

Օվկիանոսի հատակին գորգի տեղադրում, որը հնարավորություն կտա օգտվել ալիքների էներգիայից

Wave Tank

Ցանկացած մարդ, ում ծովի ալիքը հարվածել է, կարող է ասել, թե որքան հզոր կարող է լինել օվկիանոսի ջրի ճնշումը: Բերքլիում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորների թիմը ստեղծել են ծովահատակի դյուրաթեք գորգ, որն օգտագործում է օվկիանոսի էներգիան՝ հիդրավլիկ ճնշում ստեղծելու համար:

Գորգը տեղադրվում է հատուկ պոմպերի վրա, և այն ժամանակ, երբ գորգը շարժվում է օվկիանոսի ռիթմին համընթաց, պոմպերը սեղմվում են՝ հիդրավլիկ ճնշումը խողովակների միջով մղելով ափամերձ էլեկտրակայան: Այս էներգիան կարող է օգտագործվել գեներատորներ կամ տուրբիններ աշխատեցնելու կամ անգամ մաքուր ջրի համար:

Այս էներգիան չափազանց խիտ է: Ըստ թիմի հաշվարկների՝ գորգով ծածկված օվկիանոսի հատակի ընդամենը 10 մետրից կարող է նույնքան էներգիա արտադրվել, որքան արևային վահանակներով ծածկված ֆուտբոլի դաշտից: Ներկայումս գորգը փորձարկվում է լաբորատորիայում: Նախատեսվում է, որ 2016 թ.-ին այն կհետազոտվի օվկիանոսում:

 5 «Energy Internet»

Էներգիայի բաշխում՝ ապակենտրոնացած ցանցի միջոցով

Որոշ նախագծեր միտված են փոխել էներգիայի օգտագործման ձևը, սակայն «Energy Internet»-ը կարող է կտրուկ փոխել էներգիայի ստացման ձևը: Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի այս նախագիծը միտված է փոխադրման հիերարխիկ համակարգի փոխարեն ստեղծել ապակենտրոնացած ցանցերի ցանց:

Սա թույլ կտա էլեկտրաէներգիա օգտագործողներին և արտադրողներին ուղարկել ու ստանալ պահանջները բավարարելու համար բավականաչափ էներգիա: Սա նաև կհեշտացնի վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրումը ցանցի մեջ: Այս նախագծի իրականացման շնորհիվ ավելի քիչ էներգիա կպահանջվի արտադրել, ինչը թույլ կտա սահմանափակել վնասակար արտանետումների մակարդակը:

 6 «myPower»

Հեռախոսի լիցքավորում մարմնամարզության միջոցով

Մեքենա վարելու փոխարեն ոտքով կամ հեծանվով տեղաշարժվելը Ձեր սեփական ածխածնային արտանետումները սահմանափակելու եղանակ է, սակայն ներկայումս ֆիզիկական վարժությունները կարող են նաև օգնել խնայել էլեկտրաէներգիան և լիցքավորել հեռախոսը:

Հյուսիսարևմտյան համալսարանի ուսանողները ստեղծել են մի սարք, որը, սնուցվելով Ձեր ծախսած կինետիկ էներգիայով, լիցքավորում է Ձեր հեռախոսը: Այս սարքը ստեղծած գյուտարարներն ասում են, որ 10.000 քայլը կամ 45-րոպեանոց վազքը կամ 60-րոպեանոց հեծանվազբոսանքը բավական են Ձեր հեռախոսը 6 ժամվա լիցքավորմամբ ապահովելու համար: Այս նախագիծը թույլ է տալիս ոչ միայն խնայել էլեկտրաէներգիան, այլև մղում է առողջ ապրելակերպի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել