Պատերազմները ուղեկցել են մարդկությանը իր արարման առաջին օրից և միշտ էլ կլինեն մարդկային քաղաքակրթության անբաժան ուղեկիցները: Ինչքան էլ կենաց խմենք՝ ասելով աշխարհին խաղաղություն, մեկ է, դա միայն էմոցիոնալ ոլորտից է. աշխարհին խաղաղություն երբեք չի լինի: Ճիշտ է, պատերազմը շատ վատ բան է. մարդկային զոհեր, նյութական վնասներ, խեղված ճակատագրեր, հաշմված մարդիկ, բայց պատերազմը այն երևույթն է, որը երբեք չի վերանա, ուստի այստեղ հիշում ես առանց չարիքի, բարիքի բացակայության թեզը: Երբ այսօր նայում ենք գերտերություններին և հիանում նրանց ուժով ու հզորությամբ, պետք է հիշենք, որ նրանք այդպիսին «չլիկ-դաստա» խաղալով չեն դարձել, այլ՝ պատերազմներով: Տիգրան Մեծն էլ էր Հայաստանը դարձրել գերտերություն պատերազմելով, ոչ թե՝ խաղաղության կենացը խմելով: Մեր պետությունը կայացավ, Արցախը վերստին հայացավ, որովհետև հասկացավ ՀԱՅ-ը, որ պատերազմով պետք է այս աշխարհում իր տեղը հաստատի արևի տակ, ոչ թե՝ երազելով խաղաղության մասին, որը զուտ զգացմունքային դաշտից է: Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, առաջին մեկնողները՝ կամավորական-ֆիդայական խմբերի անդամները, ՆԳՆ կազմում ստեղծված ջոկատների տղաները, չէին գիշերը քնում ու երազում պատերազմի մասին. նրանք էլ էին իմանում ինչ լավ բան է խաղաղությունը, բայց, երբ պահը եկավ, նրանք ջայլամիզմով չտառապեցին, նայեցին իրականության աչքերին և Հիսուսի փրկարար Խաչն ու Վահագնի հաղթական Աջը իրենց օգնական դարձնելով, հաստատեցին մեր ազգի ապրելու, զորանալու իրավունքը: Փառք Արարչին Ամենակարող, որ այժմ ունենք պետություն, կայացած բանակ և վտանգի պահին կամավորական ֆիդայական խմբեր կազմելու և ՆԳՆ կազմում ջոկատներ ստեղծելու կարիք չունենք. ունենք զինկոմիսարիատներ և կանոնավոր բանակ: Պատերազմի մասին պետք չէ երազել, ուղղակի եթե վերսկսվի, պետք է միահամուռ կերպով մեր կարողությունների ներածին չափով, ամեն ինչ անել, որ հաղթենք, որ մեր տեղը հաստատենք արևի տակ՝ նոր արևի տակ: Այսօր ունենք զորեղ, բանիմաց կանոնավոր բանակ՝ ազգային բանակ, որը իր առջև ազգի և պետության դրած խնդիրները կատարում է գերազանց, ապացույցը՝ մենք կանք: Ընտրությունը մերն է, կամ գնանք և օտարի բանակին ծառայենք, որ օտարը հզորանա և օտարով հիանանք, կամ մերը հզորացնենք, մեր երկիրը դառնա հզոր, մերով հիանանք: Լավ հիշեք, ոչ մի պետություն պատերազմներից ապահովագրված չէ, մի մտածեք, որ պատերազմի պահին հեռանալը փրկությունէ.Սերգեյ Նիգոյանի ընտանիքնել էր պատերազմի ժամանակ հեռացել, բայց Սերգեյը զոհ գնաց օտարի պատերազմին: Գերտերություն աղոթելով կամ «չլիկ-դաստա» խաղալով չեն դառնում:



