Panorama.am-ը գրում է.
«Ես ինքս էլ մամուլից եմ ծանոթացել ԵԽԽՎ նախագահի այդ հայտարարությանը և եթե այդպիսի հայտարարություն իսկապես արվել է, ապա ինձ համար դա առնվազն զարմանալի էր, քանի որ մինչ այս պահը իր սկզբունքայնությամբ հայտնի Ան Բրասորը միշտ շատ զուսպ է եղել իր գնահատականներում և երբեք չի փորձել մտնել այն տիրույթ, այն տարածք, որը գտնվում է բացարձակապես այլ մանդատի` ԵԱՀԿ Մինսկի ենթակայության ներքո»,- Ստրասբուրգից Panorama.am-ին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ի պատասխան այն հարցի, թե ըստ լրատվամիջոցների` նախօրեին ԵԽԽՎ նախագահ Ան Բրասորը Հայաստանի համար ոչ ընդունելի հայտարարություն է հնչեցրել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` խոսելով Ադրբեջանի նախաձեռնության մասին, որի տակ ստորագրել է 58 պատգամավոր, և որը ենթադրում է հայկական պատվիրակության հանդեպ պատժամիջոցների կիրառում, ձայնի իրավունքից զրկում:
Ըստ այդմ, Ան Բրասորը հայտարարել է, թե ադրբեջանական այդ նախաձեռնությունը կքննարկվի հունիսի 27-ի առավոտյան Բյուրոյի նիստում և այնուհետ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության թեմային ասել է, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այստեղ երկու խնդիր լինել չի կարող:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախաձեռնությանը, Ն.Զոհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը որևէ խնդիր չունի, թեև տեղեկացված են, որ հունիսի 27-ին` լիագումար նստաշրջանի փակման օրը Բյուրոն առավոտյան քննարկելու է այդ խնդիրը: Բայց և վստահ պնդեց, որ եթե ԵԽԽՎ-ն և ընդհանրապես միջազգային կառույցները չեն կորցրել իրենց սթափությունն ու տրամաբանությունը, ապա բնականաբար, 58 պատգամավորների այդ նախաձեռնությունը, որի տակ, ըստ մեր զրուցակցի, կային Ադրբեջանի թե հին, թե նոր լոբիստ պատգամավորների ստորագրություններ, որևէ ընթացք չի ստանա:
Նստաշրջանի առաջին օրն ընթացավ Ադրբեջանի նկատմամբ լրջագույն քննադատությունների մթնոլորտում, չնայած նրան, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը այդ երկրինն էր: Ն.Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ դա կարող է նշանակել. «Մինչև Ստրասբուրգ մեկնելը ես վստահ պնդել էի, որ Ռուսաստանից հետո ԵԽԽՎ-ի հաջորդ հստակ թիրախը լինելու է Ադրբեջանը: Եվ հենց լիագումարի մեկնարկը դա վկայեց: Ի դեպ, երեկ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների անդամները ներկայացրեցին այդ երկրում տիրող խայտառակ իրավիճակը մարդու իրավունքների, ժողովրդավարության, մամուլի ազատության, և մեր գործընկեր Մեյլիս Ռեփսը պատրաստել էր զեկույց այդ ամենի վերաբերյալ. Տիկին Ռեփսի գնահատականներով` 150-ից ավելի քաղաքական հայացքներով ազատությունից զրկված մարդիկ կան, որից 43-ը լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



