
Մեր հոդվածներում մենք բազմիցս անդրադարձել ենք Վլադ Դրակուլային: Այս անգամ մենք որոշեցինք ֆոտոշարքով ներկայացնել Բրան ամրոցը, որտեղ ժամանակին բնակվել է Դրակուլան: Այս ամրոցը գտնվում է Ռումինիայում: Այն կառուցվել է XIV դարում տեղի բնակիչների կողմից: Բնակիչներն իրենց սեփական միջոցներով են հոգացել շինարարության հետ կապված բոլոր ծախսերը: Ամրոցի կառուցումից հետո այդ բնակիչներն ազատվեցին հարկերի ծանր բեռից. հարկատվության խնդիրները բնակիչների առջև ծառացան միայն մի քանի դար անց: Ներկայումս ամրոցը պատկանում է ռումինացի թագավորների ժառանգ Դոմինիկ Հասբուրգին: 2006 թ.-ին Ռումինիայում օրենք ընդունվեց, որի համաձայն` մի շարք չսեփականաշնորհված տարածքներ պետք է վերադարձվեին դրանց նախկին տերերին կամ նրանց ժառանգներին: Այնուամենայնիվ, Դոմինիկին վերադարձվեց միայն դատարկ տարածքը, մինչդեռ ամրոցի ողջ գույքը տեղափոխվեց Բուխարեստի թանգարան: Դոմինիկը ստիպված էր զրոյից սկսել ամրոցի կահավորումը՝ գնելով հնաոճ կահույք և այլ անհրաժեշտ պարագաներ: Դոմինիկը համաձայն է վաճառել պապենական այս ամրոցը 135 մլն. դոլարով: Ինչ խոսք, Դոմինիկը բավականին «թանգաբազար» է, սակայն սա սովորական ամրոց չէ, այլ պատմական ճարտարապետական ժառանգություն:



























