Ժամանակակից աշխարհում մեզ հետ կողք-կողքի դեռևս ապրում են այնպիսի ցեղեր, որոնք շարունակում են իրենց բազմադարյա մշակույթով ու ապրելակերպով աշխարհից մեկուսացված ապրել: Այս ցեղերը ոչնչացման եզրին են ու պաշտպանության կարիք ունեն:
5 Կայապո
Կայապոն բրազիլական ցեղ է, որն ապրում է Շինգու գետի մոտ՝ 44 առանձին գյուղերով, որոնք միմյանց են կապում հազիվ նշմարելի արահետները: Իրենք իրենց անվանում են Մեբենգոկրե, ինչը նշանակում է «մեծ ջրի մարդիկ»: Ցավոք, նրանց «մեծ ջուրը» վտանգված է, քանի որ Շինգու գետի վրա հսկայական հիդրոէլեկտրակայան է կառուցվում, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Ընդհանուր առմամբ 668 կմ2 տարածք զբաղեցնող ամբարը կհոսի անտառի 388 կմ2 տարածքով, ինչը ոչ միայն կտեղահանի կայապո ցեղին, այլև ձկներին ու բուսականությունը, որից նրանք կախված են:
Տարիներ առաջ նրանց բնակչության թիվը նվազել էր՝ հասնելով մինչև 1300-ի, հետո, սակայն, նորից աճ է գրանցվել, և այժմ նրանց թիվը հասնում է 8000-ի:
4 Կալաշ


Պակիստանի լեռներում Թալիբանի կողմից կառավարվող Աֆղաստանի սահմաններին մոտ ապրում է ամենաանսովոր, սպիտակամորթ եվրոպացիների տեսք ունեցող ցեղը` Կալաշին: Կալաշի ցեղի մարդկանցից շատերը շիկահեր են ու կապուտաչյա՝ ի տարբերություն մուգ մաշկ ունեցող իրենց հարևանների: Կալաշի ցեղի ներկայացուցիչները իրենց շրջապատող մահմեդականներից ոչ միայն արտաքինով են տարբերվում, այլև իրենց մշակույթով: Նրանք բազմաստված են ու յուրօրինակ ֆոլկլոր ունեն: Նրանք գինի են արտադրում, ինչը արգելվում է մահմեդական մշակույթում, հագնում են վառ գույներով հագուստ, իսկ կանայք այստեղ ազատ իրավունքներ ունեն: Նրանք բավականին ուրախ են, խաղաղասեր, սիրում են պարել և ուրախանալ իրենց բազմաթիվ տոնակատարությունների ժամանակ:
Ոչ ոք չգիտի, թե ինչպես է պատահել, որ բաց գույն մաշկ ունեցող այս ցեղը ապրում է այստեղ՝ հեռավոր Պակիստանում: Կալաշները պնդում են, որ իրենց նախնիները Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն են: ԴՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց գեների մեջ կան Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի եվրոպացիների արյուն, այնպես որ, հնարավոր է, որ նրանց պատմություններն իրական են:
Տարիների ընթացքում մահմեդականներով շրջապատված կալաշներին հետապնդել են ու ստիպել իսլամ ընդունել: Այսօր ընդամենը 4000-6000 կալաշ է մնացել, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ:
3 Բաթակ


Ֆիլիպիններում Պալանավանի կղզում է բնակվում Բաթակ ցեղը. նրանք գենետիկորեն համարվում են աշխարհի ամենատարբերվող մարդիկ: Պատկանում են նեգրոավստրալոիդ ռասային, որից ծագել ենք մենք բոլորս: Սա նշանակում է, որ նրանք մարդկանց այն առաջին խմբերի հետնորդներն են, ովքեր մոտ 70.000 տարի առաջ թողել են Աֆրիկան, ու ենթադրվում է, որ մոտավորապես 20.000 տարի հետո Ասիայով հասել են Ֆիլիպիններ:
Բաթականերն ունեն իրենց ռասային տիպիկ փոքրիկ կառուցվածք, գանգուր բրդանման մազեր: Ամբողջ համայնքը միասին որս է անում ու հավաքչությամբ զբաղվում: Նրանք բավականին ամաչկոտ, խաղաղ մարդիկ են, որոնք նախընտրում են թաքնվել խորը ջունգլիներում, քան ընդդիմանալ դրսի մարդկանց:
Ցավոք, այս ցեղի անդամներից այսօր ընդամենը 300-500 մարդ է մնացել:
2 Պիրահա



Չնայած Բրազիլիայի տարածքում բազմաթիվ փոքր ցեղեր կան, այնուամենայնիվ, Պիրահան յուրահատուկ է նրանով, որ այս ցեղն ունի իրեն հատուկ մշակույթ ու լեզու՝ ի տարբերություն մեր մոլորակի շատ մարդկանց: Պիրահաների լեզուն բավականին տարօրինակ է` այն մի քանի հնչյուն ունի ընդամենը, չկան գույների, թվերի անուններ ու չկա անցյալ ժամանակի խոնարհում: Մինչ շատերը նրանց լեզուն պարզունակ կհամարեն, պետք է նշել, որ դա պիրահաների արժեքների արտացոլումն է, այդ թվում՝ նաև նրանց՝ ներկայում ապրելու գիտակցությունը: Լեզվի մեջ շատ բան դուրս է հանվում, որը չի օգտագործվում, երբ, օրինակ, չունես պատմություն ու ոչինչ գրի չես առնում և միայն վստահում ես նրան, ինչ տեսնում ես այդ պահին:
Հետաքրքիր է նաև այն, որ նրանք չունեն առաջնորդ: Նրանք երբեք չեն ընդունում միսիոներներին ու նրանցից ոչ ոք կրոնափոխ չի եղել մինչ այժմ, նրանք չեն ընդունում նոր տեխնոլոգիաները և, հին ժամանակներից ի վեր՝ մոտ 300 հոգուց բաղկացած նրանց ցեղում գրեթե ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:
1 Էլ Մոլո



Քենիայի Էլ Մոլո ցեղը երկրի ամենափոքր ցեղախումբն է, և մշտապես ամեն կողմից վտանգի ենթարկված: Գրեթե բոլոր այլ ցեղախմբերի կողմից հալածվող Էլ Մոլոյի մարդիկ մեկուսացված ապրում են Տուրկանա լճի հեռավոր ափերին, սակայն միևնույնն է, նրանց կյանքն այնքան էլ հանգիստ չէ:
Էլ Մոլոները, ում անունը թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր իրենց ապրուստը չեն վաստակում անասուններով», կախված են միայն ձկնորսությունից ու ջրային կենդանիներից գոյատևելուց: Ցավոք, լիճը տարեկան 30 սանտիմետրով ցամաքում է:
Բացի այդ, լիճը աղտոտվում է, ինչի արդյունքում ձկների թիվը նույնպես գնալով նվազում է: Այժմ նրանց մեկ շաբաթ է անհրաժեշտ նույն քանակությամբ ձուկ որսալու համար, որքան նախկինում մեկ կամ երկու օրում էին որսում:
Բացի մյուս ցեղերի հարձակումից ու գոյատևելու համար սնունդ գտնելու դժվարություններից, ամեն մի քանի տարին մեկ այս մարդիկ ենթարկվում են խոլերայի համաճարակի բռնկմանը, ինչի հետևանքով նրանց բնակչության թիվը գնալով նվազում է: Այժմ մոտավորապես միայն 200 մարդ կա այս ցեղախմբում:







