Life.panorama.am-ը գրում է.
Նելլի Դուրյան, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ: Երկար տարիներ է աշխատում ոստիկանական համակարգում, իր գործի մեջ խիստ է ու պահանջկոտ: Իսկ ինչպիսի՞ն է Նելլի Դուրյանն աշխատանքից դուրս՝ տանը, ընկերների, բարեկամների շրջապատում: Life.panorama.am-ը տիկին Դուրյանի հետ զրուցել է այս և այլ հարցերի շուրջ:
-Տիկին Դուրյան, ինչո՞ւ որոշեցիք դառնալ ոստիկան, ինչո՞վ էր ոստիկանի աշխատանքը ձեզ հրապուրել:
-Այս մասնագիտությունն ընտրել եմ, որովհետև ծնողներս են եղել ոստիկան, հասկացել եմ, որ դա իմն է: Ասեմ, որ շատ սիրել եմ ոստիկանի համազգեստը, որ կրել է մայրս: Նա շատ լավ էր կրում, գեղեցիկ էր կրում, ճիշտ էր կրում, դա ինձ հիացնում էր: Դրանից բացի շատ եմ կարդացել հայրիկիս բերած գրականությունը, դա նույնպես նպաստել է: Տարիների հեռավորությունից նայելով՝ կարող եմ ասել, որ չեմ փոշմանել, եթե փոշմանած լինեի, վաղուց այս համակարգից դուրս եկած կլինեի, մանավանդ, որ բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ոստիկանությունն իմ ամեն ինչն է, իմ կյանքն է, իմ կոչումն է: Ես սիրում եմ այն մարդկանց, ում հետ աշխատում եմ: Իրենք գործին նվիրված են, առավոտյան գալիս են, անհրաժեշտության դեպքում գիշերը գնում: Ամեն մեկն իր կյանքը չի նվիրաբերի այս դժվարին պատասխանատու, բայց շատ հետաքրքիր գործին: Դա անչափ գնահատում եմ:
-Փաստորեն ժամանակի առումով բավական ծախսատար աշխատանք է, ինչպե՞ս եք ընտանիքի հետ համատեղում:
-Շատ դժվար, բայց համատեղում եմ ու ստացվում է: Ունեմ շատ լավ բալիկներ, շնորհակալ եմ իմ ամուսնուն, որ ինձ օգնել է, երեխաներին հաջող դաստիարակելու գործում: Այսօր այնպիսի մարդիկ են դարձել, որոնք սիրում են իրենց հայրենիքը իրենց աշխատանքը, հարգում են ծնողներին: Այդ ամենը տեսնելով՝ ես բավարարված եմ զգում: Վերջին հաշվով, երբ հետ ես նայում, դու պետք է հասկանաս, թե ինչ ես թողնում: Իսկ թողածը արված գործերն են, ընտանիքը:
-Իսկ ինչպիսի՞նն է Նելլի Դուրյանը տանը:
-Նելլը Դուրյանը տանը լրիվ այլ է: Հիմա հարցը տվեցիք, ես սկսեցի մտածել: Ճիշտ է տանն այլ եմ, բայց, երևի թե, երբեք չեմ մոռանում, որ ոստիկան եմ: Նելլի Դուրյանը տանը սիրում է խոհանոցը: Տան գործերից խոհանոցն առանձնացնում եմ, վստահաբար կարող եմ ասել, որ դա իմն է: Սիրում եմ համեղ ուտեստներ պատրաստել և բնականաբար նաև ուտել: Ուտելը կարևորում եմ ոչ թե պարզապես սնվել, այլ՝ արարողություն, որի ընթացքում ձևավորվում է զրույց, շփում: Իմ շրջապատն ասում է, որ ինձ մոտ ճաշատեսակներից յուրահատուկ ձևով ստացվում է հավն ու կարտոֆիլը միասին եփելը, որն արվում է հատուկ սոուսներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ