Lurer.com-ը գրում է.
Ուկրաինան պատրաստ է իր սպառած գազի դիմաց 1,9 մլրդ դոլար վճարել «Գազպրոմ»-ին հազար խորանարդ մետրը 326 դոլար ժամանակավոր գնի վերաբերյալ պայմանավորվածության հասնելու դեպքում: Այդ մասին «Նաֆտոգազ Ուկրաինի»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլևն ասել է հունիսի 13-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում:
«Այո, մենք պատրաստ ենք 1,9 մլրդ դոլար վճարել պայմանավորվածության հասնելու դեպքում»,-ասել է նա:
Կոբոլևը հայտարարել է, որ Եվրամիության կողմից առաջարկված 326 դոլարի չափով ժամանակավոր գինը շուկայական չէ, սակայն Ուկրաինան պատրաստ է փոխզիջման գնալ և ամրագրել այդ գինը, օրինակ, մեկուկես տարով, այն նկատառումով, որ այդ ժամանակաշրջանում «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերվի վերջնական պայմանավորվածություն կամ այդ հարցը լուծվի դատարանում:
«Վերջնական համաձայնության հասնելուց կամ հարցը դատարանում լուծելուց հետո արդեն պարզ կլինի, թե ով ում պետք է լրացուցիչ վճարի կամ ընդհակառակը»,-ասել է նա:
Հունիսի 12-ին «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ եթե ուկրաինական կողմը գազի պարտքը չմարի մինչև հունիսի 16-ի` ժամը 10:00-ն, «Նաֆտոգազ»-ի նկատմամբ կսահմանվի վճարման կանխավճարային համակարգ, հաղորդել է «ինտերֆաքս»-ը:



