1in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ սպասում է երկրի նախագահ Բարաք Օբամայի օպերատիվ որոշմանն այն մասին, թե ինչպես պետք է Վաշինգտոնն արձագանքի Իրաքի վրա զինյալների ակտիվ հարձակմանը, հայտնում է Reuters-ը:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի բարդությունը՝ ես կսպասեի այդ մարտահրավերի հարցում նախագահի օպերատիվ որոշմանը»,- Լոնդոնում իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Քերին:
Նա նաև Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին կոչ է արել մի կողմ թողնել դավանական տարբերությունները: Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները՝ ալ-Մալիքիի կառավարությունը ներկայացնում է շիաների շահերը, մինչդեռ զինյալներն Իրաքի հյուսիսում և արևմուտքում հենվում են սուննիների աջակցության վրա:
Նախօրեին Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել, եթե անհրաժեշտ լինի Իրաքը պաշտպանել «Իրաքի և Լևանտի իսլամական պետութուն» խմբավորման ահաբեկիչներից: Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին ասել է, որ ռազմական օգնություն ասելով՝ Օբաման նկատի է ունեցել բացառապես օդային հարվածներ:
Հիշեցնենք՝ երեքշաբթի հայտնի դարձավ, որ Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքն ամբողջովին անցել է իսլամիստ ահաբեկիչների վերահսկողության տակ:



