Tert.am-ը գրում է.

Բրազիլիայում մի քանի ժամից սկսվող Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության բացումից առաջ Tert.am-ը փորձեց Հայաստանի օրենսդիրներից ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից պարզել վերջիններիս ֆուտբոլային նախասիրությունների, կանխատեսումների մասին: Ի տարբերություն պատգամավորների, ովքեր չխորշեցին ցուցադրել իրենց ֆուտբոլային կրքերը, հարցված նախարարները, բացառությամբ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ցույց տվեցին, որ ֆուտբոլով չեն հետաքրքրվում՝ ժամանակ չունենալու պատճառով:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ի պատասխան հարցի, թե նայելո՞ւ է ֆուտբոլ ու ո՞ր թիմն է դուրս գալու եզրափակիչ, հենց այդպես էլ ասաց. «Չեմ մտածել, չեմ տրամադրվել, ես գնում եմ աշխատեմ»:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ նմանատիպ պատասխան տվեց՝ ասելով. «Եթե ժամանակ ունենամ, անպայման կնայեմ։ Ով կդառնա չեմպիո՞ն... այդ ուղղությամբ չեմ մտածել»:

«Ես էնքան հետաքրքվելու նյութեր ունեմ, որ ինքս երկար ֆուտբոլ պարապելով՝ չեմ կարող ֆուտբոլի թեմայով խոսել»,–ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ շատ ուշ են սկսվում խաղերը՝ գիշերը, և հավելեց. «Ես փախնեմ Ձեզնից, էլի»:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հարցված նախարարներից միակն է, ով ասաց, որ ֆուտբոլ նայելու է, ընդ որում օգտագործելով նաև ֆուտբոլի «դասական» ատրիբուտներից մեկը՝ գարեջուրը: Ճիշտ է՝ խիստ խորհրդանշական ձևով՝ մեկ գավաթով:

«Գուշակություններով չեմ զբաղվում՝ որ թիմերը դուրս կգան եզրափակիչ, Իմ ցանկությունն է, որ դուրս գա հարավաֆրիկյան թիմերից մեկը»,-ամեն դեպքում, Արմեն Աշոտյանը մաղթում է Աշխարհի առաջնությանը գոլառատ ֆուտբոլ:

Ֆուտբոլի մասին գեղեցիկ ու ջերմ խոսքեր ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հայտարարելով. «Ես միայն նախասիրություններն եմ ասելու, ոչ հաշիվ, և իմ կարծիքով՝ ամենահրապուրիչ, հմայիչ ու հետաքրքիր խաղը ցույց է տալիս Իսպանիայի հավաքականը: Դա և՛ գեղեցիկ, և՛ ռացիոնալ, գնդակը միշտ վերահսկողության տակ պահելու, մտածված խաղ խաղալու ֆուտբոլն է: Ես, իհարկե, գերադասում եմ բարսելոնյան ֆուտբոլը, բայց Գվարդիոլայի ժամանակների «Բարսելոնայի»»:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ միշտ ուշադիր հետևում է և միշտ երկրպագում է 3 թիմի: Առաջինը Ֆրանսիայի հավաքականը, քանի որ, նախ՝ երկիրն է սիրում, իսկ եթե ինչ-որ պատճառներով Ֆրանսիան «դուրս է թռչում», երկրպագում է Բրազիլիայի, ապա Հոլանդիայի հավաքականներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել