Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերն այսօր Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հայաստանի և Ավստրիայի Նախագահները ողջունել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովը և իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման:
Իր ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ անկախությունից ի վեր Հայաստանն ընտրել է տնտեսական զարգացման ազատական մոդելը, որը ենթադրում է կառավարման ինստիտուտների արդյունավետ աշխատանք, հանրային ծառայությունների բարձր մակարդակ և ամենակարևորը՝ թափանցիկ ու ազատ գործարար միջավայր: Նախագահը շեշտել է, որ Հայաստանի որդեգրած՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին որևէ կերպ չի նվազեցնում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու մեր երկրի ձգտումը։
Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ Ֆիշեր,
Մեծարգո՛ պարոն Լայթլ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ, որ իմ այցը բարեկամ Ավստրիա նշանավորվում է հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացմամբ: Այս միջոցառման մեկնարկը տրվում է իմ և Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերի բարձր հովանու ներքո, քանզի մենք երկուստեք առանձնակի կարևորում ենք մեր երկրների միջև գործարար կապերի ամրապնդումն ու տնտեսական համագործակցության զարգացումը: Շատ ուրախ եմ, որ այստեղ ներկա է նաև Ավստրիայի տնտեսական պալատի հարգարժան նախագահ պարոն Լայթլը:
Նմանօրինակ ներկայացուցչական ֆորումները ոչ միայն առևտրա-տնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլ նաև կարևոր հարթակ՝ երկխոսության և փոխճանաչողության համար: Շատ կարևոր է, որ այս սրահում ներկա գործարարության ամենատարբեր ոլորտներ ներկայացնող հայ և ավստրիացի գործարարներն իրար լավ ճանաչեն:
Ողջունելի է, որ վերջին շրջանում մեր երկրների միջև կրկին նկատվում է առևտրատնտեսական համագործակցության աշխուժացում: Ինչպես պարոն Նախագահն ասաց, մինչև 2008թ. մենք ունեինք շատ ավելի լավ ծավալներ և ցուցանիշներ, քան այսօր, բայց, փառք Աստծո, երկու տարի առաջ նորից սկսվեց աճ: Աճի այսօրվա տեմպերը մեզ հույս են ներշնչում, որ տեսանելի ապագայում կհաղթահարենք այդ ցուցանիշները, թեև ես համոզվածությամբ եմ ասում, որ այն չի արտացոլում մեր համագործակցության ողջ ներուժը: Ես վստահ եմ, որ թե՛ Ավստրիայում, թե՛ Հայաստանում կան բազմաթիվ ապրանքներ և ծառայություններ, որոնք կարող են մեծ պահանջարկ վայելել Ավստրիայի և Հայաստանի շուկաներում: Ես դրանում մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Երկկողմ առևտրի մակարդակը ցածր է, իսկ շրջանառվող ապրանքատեսակները՝ սահմանափակ: Ուստի, ես կուզենայի հորդորել ինչպես այս համաժողովի մասնակիցներին, այնպես էլ համապատասխան մեր պետական կառույցներին՝ լինել նախաձեռնող նոր տնտեսական ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Այս ուղղությամբ կարևոր առաքելություն ունի Հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովը, որի 6-րդ նիստը գումարվեց Երևանում այս տարվա ապրիլին:
Այս գործարար համաժողովին Հայաստանից մասնակցում է ավելի քան 30 ընկերություն, որոնք ներկայացնում են էլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման, զբոսաշրջության և ֆինանսական ծառայությունների ոլորտները: Վերջիններիս ներկայությունը, իհարկե, պատահական չէ. նշված ոլորտներում Հայաստանին հաջողվել է կուտակել համագործակցության լավ ներուժ:
Հայաստանը, ուր հնագետների պնդմամբ գինեգործությունը հազարամյակների ավանդույթներ ունի, իսկ ոսկեգործությունն ու գորգագործությունը դարձել են ազգային այցեքարտ, այսօր արդեն նաև իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային քարտեզի վրա:
Կարծում եմ՝ պատահական չէ, որ Ավստրիայի կառավարությունը Հայաստանին ընդգրկել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում. սա խոսում է փոխգործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկության մասին: Ուրախ եմ, որ արդեն իսկ առկա է ավստրիական «Ռայֆայզեն» բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Ավստրիական զարգացման բանկի և «Ամերիաբանկի» միջև համագործակցության դրական փորձ, իսկ հայկական «Ասկե» ընկերության և ավստրիական «Սիեմենս Վաի» տեխնոլոգիական ընկերության միջև համագործակցության շնորհիվ, այսօր Հայաստանում նախաձեռնվել է Հայաստանի մասշտաբների համար խոշոր մետալուրգիական արտադրություն: Ի դեպ, համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է երկու տարի առաջ՝ պարոն ֆիշերի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետություն, երբ Երևանում կրկին անցկացնում էինք գործարար համաժողով:
Երևանի և Վիեննայի միջև «Ավստրիական ավիաուղիների» կողմից իրականացվող կանոնավոր չվերթը, 2013թ. հունվարից Եվրամիության քաղաքացիների համար Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս.թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման կարգի դյուրացումը, ինչպես նաև այցի ընթացքում զբոսաշրջության ոլորտում ստորագրված փաստաթուղթը լրացուցիչ խթան են գործարար շփումների ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ստեղծված է տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, որն ապահով գործարար կապերի երաշխիք է:
Հարգելի՛ գործընկերներ,
Անկախությունից ի վեր Հայաստանն ընտրել է տնտեսական զարգացման ազատական մոդելը, որը ենթադրում է կառավարման ինստիտուտների արդյունավետ աշխատանք, հանրային ծառայությունների բարձր մակարդակ և ամենակարևորը՝ թափանցիկ ու ազատ գործարար միջավայր: Այդ նպատակով Հայաստանում, նաև մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ, իրականացվել և իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ, մասնավորապես՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման և գրանցման, ներդրողների պաշտպանության ուղղություններով:
Ուզում եմ շեշտադրել մի կարևոր հանգամանք. ներկայիս փոխկապակցված և հարափոփոխ աշխարհում տնտեսական համագործակցության կարևորագույն գրավականներից է վստահությունը: Միմյանց առավել լավ ճանաչելու համար պետք է ուժեղացնել հումանիտար կապերը, որոնք ամուր կամուրջ կհանդիսանան նաև գործարար շփումների ամրապնդման համար: Սիրով կառաջարկեմ համապատասխան պետական մարմիններին աշխատել Հայաստանում՝ ավստրիական և Ավստրիայում` հայկական մշակութային միջոցառումներ կազմակերպելու, մասնագիտական և ուսանողական փոխանակումներ կազմակերպելու, գիտական առնչություններն աշխուժացնելու ուղղությամբ: Սա չափազանց կարևոր հանգամանք է:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ձեզ հայտնի է, որ Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին: Դա որևէ կերպ չի նվազեցնում Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու մեր ձգտումը:
Եվրոպական հանձնաժողովի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար. օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքը՝ դուք կարող եք ավելի հեշտացված կարգով դուրս գալ 170 միլիոն սպառող ունեցող Եվրասիական շուկա: Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով: Դա են ապացուցում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդն է՝ Բելգիայի և Ֆրանսիայի անմիջական հարևանությամբ:
Ես սիրով հրավիրում եմ ավստրիական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մեր երկիրը կարող է շահավետ հարթակ դառնալ սննդի վերամշակմամբ զբաղվող ավստրիական հանրաճանաչ «Սպից», «Դ՛Արբո» ընկերությունների համար՝ առաջարկելով առողջ և համեղ գյուղատնտեսական հումք, ոսկերչության ոլորտում աշխարհահռչակ «Ֆրեյ Վիլ» ընկերության համար՝ առաջարկելով բարձրորակ ոսկերիչներ և առանձնահատուկ պայմաններ ոսկերչական ազատ տնտեսական գոտում, ի դեպ աշխարհում կան հազարից ավելի հայտնի ոսկերչական ընկերություններ, որոնք կամ հայկական կապիտալով են կամ որոնց սեփականատերերը հայեր են, աշխարհի բոլոր ծայրերում, գրեթե բոլոր երկրներում և բոլոր քաղաքներում գործում են հանքարդյունաբերական հումքի վերամշակող «Ասամեր Բազալտիկ Ֆայբեր» ընկերության համար՝ առաջարկելով բնական քարերի լայն տեսականի, դեղագործական «Ջ.Լ. Ֆարմա», «Ջեներիկոն Ֆարմա» և այլ ավստրիական ընկերությունների համար, որոնք կարող են օգտվել ազատ տնտեսական գոտիներում ստեղծված փայլուն հնարավորություններից:
Հավատացած եղեք, որ հայ-ավստրիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված ձեր քայլերը գտնվում են մեր անմիջական ուշադրության և հոգածության կենտրոնում: Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունները կախված են նաև գործարարությունը խթանելու հանգամանքից, ուստի պատրաստ ենք խոշոր ներդրումների պարագայում, հատկապես եթե ձեռնարկություններն ունենալու են նորարական արտադրանք, ընդունել և կիրառել հատուկ օրենք տվյալ ներդրման մասին և տալ հարկային արտոնություններ, այդ թվում նաև՝ շահութահարկի գծով:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ավարտելով խոսքս` մաղթում եմ, որ Ավստրիայի առևտրատնտեսական պալատի այս հիասքանչ շենքում անցկացվող համաժողովի արդյունքում երկարաժամկետ գործընկերային կապեր հաստատվեն, որոնք կծառայեն հայ և ավստրիացի բարեկամ ժողովուրդների շահերին:
Շնորհակալություն:
Շնորհակալ եմ պարոն Նախագահ Ձեր մասնակցության և Ձեր գործարարությունը մեր երկու երկրների միջև զարգացնելու հետաքրքրության ու ժամանակի համար և, անշուշտ, իհարկե, շնորհակալ եմ պարոն Լայթլին՝ այս միջոցառումն անցկացնելու համար»:
Մինչ համաժողովը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ: Զրուցակիցները կարևորել են հայ-ավստրիական առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի Նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա և օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջև շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առևտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի:



