Panorama.am-ը գրում է.
Ընդունելության քննություններն այս տարի լավ են կազմակերպված, թեստերում սխաներ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի գնահատականներ հնչեցրին կրթության ոլորտի մասնագետները: Թեև քննությունները հարթ ընթանում են, սակայն շատ մտահոգություններ կան, որոնց մասին բարձրաձայնեցին նրանք:
Փորձագետ Սուսաննա Աբազյանի խոսքով, բացառվել են սխալները, զուգաձևությունները. «Որևէ մեկն այս տարի հոգեցունց վիճակ չապրեց: Բայց ես զարմանում եմ՝ կարելի՞ է այդքան ծախսեր անել, դրսում տպագրել թեստերը: Մենք չե՞նք կարող ինքներս անել: Սարսափի մթնոլորտ ստեղծելն անունդունելի է: Հայերենը դիմորդների համար փորձաքար է, ես դիմորդներին շատ լավ եմ հասկանում: Նրանք հիասթափված են գնում քննության, մինչդեռ հայերենը մեզ համար պիտի լինի տոն, քննություն հանձնելը՝ ևս»:
Ըստ նրա, ընդունելության քննությունները ոչ թե պետք է դառնան հանրային քննարկման առարկա, այլ պետք է լինեն երեխայի մեկ օրվա շարքից:
«Քննությունը որպես հանրապետական նշանակության միջոցառում ընդունելը սխալ է, քննությունն ընդամենը գիտելիքի հանձնում է: Կոնկրետ Հայերենի քննությունն ամեն տարի դառնում է հոգեցունց ինչ-որ բան, ամեն տարի մի խաթարում է լինում, շտեմարանների գոյության պայմաններում՝ հատկապես»,- ասաց փորձագետը:
Սուսաննա Աբազյանի կարծիքով, շտեմարանները պետք է ոչ թե վաճառվեն, այլ այդ հարցերը կրճատեն, տեղադրեն համացանցում, երեխաները հանգիստ բացեն և վերցնեն. «Հեռավոր շրջանների համար կարելի է հատուկ պետպատվերով տպել: Հիմա մեր շրջանավարտները ցավոք շատ քիչ են, սահմանամերձ գյուղերում մեկ-երկու հոգի են ավարտում, սա ողբերգություն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



