Aysor.am-ը գրում է.

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Այս մասին հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան էջից:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման և տուգանքի վերաբերյալ ծանուցում: 

Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամ ոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ կամ հին հասցեն: Այդպիսի հասցեով ուղակված վարչական տույժերը, որոնց մասին անձը չի էլ իմանում, միևնույն է՝ համարվում են անձին հանձնված և ուժի մեջ են մտնում:

Միաժամանակ, նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում ՃՈ վարչական ակտն անմիջապես ուղարկվում է ԴԱՀԿ ծառայության կատարման, որից հետո արգելադրվում են անձի բանկում ունեցած ֆինանսական միջոցները:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այս հարցը համարում է խնդրահարույց և քայլեր է ձեռնարկելու օրենքի այս բացը լրացնելու ուղղությամբ: Պաշտպանը հորդորում է ոստիկանությանը պատշաճ կերպով ծանուցել քաղաքացիներին վարչական տուգանքների վերաբերյալ, իսկ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել տուգանքների վճարման և բողոքարկման ժամկետների հարցում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել