Տեսանյութում նկարահանված բողոքի գործողությունը, մորուքավոր իսլամիստներն, «Ալլահու Աքբառ» կոչերը Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, անգամ Թուրքիայում կամ որևէ այլ մուսուլմանական երկրում չեն, այլ՝ Եվրոպայի սրտում՝ Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Ակցիայի կազմակերպիչներն էլ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում և մի շարք այլ երկրներում արդեն մասնաճյուղեր ունեցող իսլամական ծայրահեղ արմատական «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կառույցի ներկայացուցիչներն են. եվրոպացի «ջիհադականները» բողոքում են «Շարիա Բելժիում» կազմակերպության առաջնորդներ Աբու Իմրանի (Ֆուադ Բելկսեմ) և նրա կնոջ ձերբակալության դեմ:
Վերջինները Բելգիայի տարածքում իսլամական խալիֆայություն ստեղծելու հայտնի պրոպագանդիստներ են և մահապատիժ են պահանջում սեռական փոքրամասնությունների համար, նրանք շատ հաճախ անգամ բացեիբաց կերպով սպառնացել են տարբեր բելգիացի քաղաքական գործիչների:
Ինչպես տեսնում ենք, այս գործողությունը ևս ակնհայտորեն շաղկապված է Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ընթացող պատերազմի հետ. նույն Անտվերպենից առնվազն 40 «ջիհադական» է մեկնել Սիրիա, իսկ արևմտաեվրոպական պետություններից՝ ավելի քան 2 հազար:
Անտվերպենի քաղաքապետը պահանջել է, որ իսլամականների ակտիվացման խնդրով զբաղվի բանակի հետախուզությունը:
Արդեն իսկ պարզ է, որ, ի դեմ մահմեդական գաղթականների շարունակվող նորանոր հոսքերի, արմատական իսլամական գաղափարախոսության ակտիվ տարածման հանգամանքի և հատկապես ահաբեկչական գործողություններ իրականացնելու գործում հմտացած «ջիհադականների», «Հին մայրցամաքը» լուրջ գլխացավանք է ունենալու, և չի բացառվում, որ, Անտվերպենի օրինակով, այս գործին լծվեն հենց եվրոպական պետությունների բանակային հետախուզությունները:



