Analitik.am-ը գրում է.

Հաշվի առնելով վերջին շրջանում Արթուր Ասատրյանի վերաբերյալ մամուլում առկա բազմաթիվ նյութերը,www.analitik.am-ը որոշեց հարցազրույց  անցկացնել հայ բարերար Արթուր Ասատրյանի (դոն Պիպո) հետ, ում անվան բարեգործական հիմնադրամն անտարբեր չի մնում որևէ հայի խնդրի նկատմամբ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

-Արթուր Ասատրյանի անվան բարեգործական հիմնադրամը վերջին շրջանում բավականին ակտիվորեն բարեգործական բազմաբնույթ ակցիաներ էիրականացնում, ինչո՞վ է պամանավորված այդ ակտիվությունը:

 -Կարծում եմ, որ հայ մարդու համար, ով ի վիճակի է բարեգործություն անել, հիմնական նպատակը հայրենիքին և իր հայրենակիցներին որևէ կերպ աջակցելն է: Այսօր Հայաստանում բավականին ծանր պայմաններ են, և մարդիկ շատ դեպքերում հայտնվում են անելանելի վիճակում, որից դուրս գալու համար նրանց խիստ  անհրաժեշտ է օգնություն: Յուրաքանչյուր մարդ, ով կյանքում կարողացել է հաջողության հասնել, պետք է խորապես գիտակցի, որ այդ հաջողության հետ անմիջականորեն կապ ունեն իր հայրենի արմատները, ինչ-որ իմաստով  նաև գենետիկան, այն միջավայրը, որտեղ ծնվել և դաստիարակվել է, ուստի նա պետք է կարողանա նաև մշտապես օգնության ձեռք մեկնել այլ մարդկանց:  Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ ունենա մարդասիրություն, այլապես նյութական բարեկեցությունը դատարկության կհանգեցնի, եթե չկա հոգևոր հարստություն:

-Դուք ունե՞ք քաղաքական նպատակներ՝ մասնավորապես ՀՀ-ում քաղաքականության մեջ մտնելու նպատակներ:

 - Ոչ, այդպիսի նպատակներ չեն եղել և չկան: Քաղաքականությամբ թող զբաղվեն այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն և  արդեն իսկ ներգրավված են ՀՀ քաղաքականության մեջ, ճիշտ է Հայաստանում շատ խնդիրներ կան դեռևս չլուծված, բայց վստահ եմ, որ նրանց մոտ կստացվի իրենց առջև դրված բարդագույն մարտահրավերներին ի օգուտ պետության և հասարակության լուծում տալ, ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում ՀՀ քաղաքական գործիչներին, թող կենտրոնացնեն իրենց ուժերը և զարգացնեն մեր բոլորիս հայրենիքը:

-Որոշ ԶԼՄ-ներ Ձեր մասին տարաբնույթ ոչ հաճելի լուրեր են տարածում, ի՞նչ կասեք այդ մասին, ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

 -Միգուցե դա էլ իրենց գործն է, հնարավոր է, որ այդ ԶԼՄ-ներն էլ այդ կերպ են գումար վաստակում, որոշ մարդկանցից ֆինանսավորում ստանում և այսպես շարունակ, դա իրենց գործն է: Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակ են հետապնդում, քանզի կանխատեսումներ չեմ սիրում անել, և բացի այդ ,մարդիկ այսօր տեղեկատվություն կարող են ստանալ տարաբնույթ աղբյուրներից, ուստիև կարող են վերլուծել և իրենց սեփական կարծիքը կազմել այս կամ այն մարդու մասին: Ես ինչքան կարողանում եմ օգնում եմ Հայաստանին և իմ հայրենակիցներին, իսկ թե ով ինչ է գրում, ինչի համար է գրում, դա արդեն իմ խնդիրը չէ, երբ խոսքը վերաբերում է բամբասանքին:

-Բարեգործական նոր միջոցառումներ սպասվո՞ւմ են Արթուր Ասատրյանի անվան բարեգործական հիմնադրամի կողմից:

 - Այո, իհարկե սպասվում են, որոշ ժամանակ անց կտեղեկանաք մեր միջոցառումներից, նախապես չեմ ասում, քանզի ես բարեգործություն անում եմ ոչ թե գովազդի, այլ բացառապես որևէ օգուտ տալու նպատակով:

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

 -Ձեզ էլ եմ շնորհակալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել