Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից պապս երբ լվանում էր իր մեկ ոտքը, ապշահար նայում էի նրա միակ ոտքի սպիներին, փամփուշտի տեղերը մնացած խորը փոսերին և ամեն անգամ տալիս նույն հարցը՝ «Բա քո մի ոտքը ո՞ւր ա...»: Իսկ պապս ամեն անգամ նույն անվրդով տոնով պատասխանում էր՝ «Նեմեցի աչքի մեջ ա...»: Պապս կյանքից հեռացավ 15 տարի առաջ: Արդեն երկրորդ տարին է, երբ Մայիսի 9-ին չեմ կարող զանգել ու շնորհավորել նաև տատիս: Իմ ու տատիս վերջին հանդիպմանը, երբ երկուսս էլ գիտեինք, որ դա մեր վերջին տեսակցությունն է, վերջին զրույցը, անկողնուն գամված և արդեն դժվարությամբ խոսող տատս երկար պատմեց իր տեսած պատերազմի, ֆաշիզմի այլանդակության և իր ու պապիս սիրո պատմությունը, թե ինչպես ռուս բուժքրոջ սերը փրկեց ոտքը և ապրելու ցանկությունը կորցրած մի հայ տղայի կյանքը: Հետո տատս մեկ առ մեկ հիշեց բոլոր այն երիտասարդ տղաներին, որոնց կյանքը չհաջողվեց փրկել.... Ու լացեց տատս, տատս, ում երբեք լացելիս չէի տեսել: «Հիշիր այս պատմությունները, հիշիր այդ անունները: Խոստացիր, որ անպայման կգրես... Անպայման գրիր ու պատմիր բոլորին, որ մարդիկ երբեք չմոռանան, թե ինչի գնով կարողացան հաղթել ֆաշիզմին: Չկա ավելի մեծ այլանդակություն, քան ֆաշիզմն է ու պատերազմը...»: Շնորհավոր Մայիսի 9-ը, տատ ջան, պապ ջան: Լույս ձեր հոգիներին: Խաղաղություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել