Ծանր մուտք

Եվրոպական երկրներից մեկում անցկացվող միջազգային մի միջոցառման ժամանակ հրավիրող կողմի ներկայացուցիչները հրաժեշտի երեկոյի ժամանակ կողքիս նստեցրին թխամաշկ մի կնոջ՝ ասելով, թե հարևան երկրներից եք, լավ կլինի` ծանոթանաք: 
Տիկինը Թուրքիայից էր: Կոտրած անգլերենով երկուստեք տառապելով` մի երկու հերթապահ նախադասություն փոխանակեցինք: Հետո հարցրի, թե Թուրքիայի որ քաղաքից է:
- Ղարսից եմ,- եղավ պատասխանը:- Դուք լսա՞ծ եք թուրքական այդ քաղաքի մասին:
- ...

«Մի հայի պատմություն»

Ցեղասպանության թանգարան կյանքում մեկ անգամ եմ այցելել՝ տասնամյակներ առաջ: Երկրորդ այցին սիրտս երևի թե չի դիմանա, ու դրա համար խուսափում եմ նորեն լինել այնտեղ: 
Որպես գրող, որպես բաց նյարդերի մարդ, ուրիշի վիշտն ու դժբախտությունը, ինձանից անկախ, ընկալում եմ որպես իմը, և դրա համար նաև եղեռնի թեմաներով գրքեր կարդալուց եմ խուսափում: Բայց պատահեց այնպես, որ մտերիմներիցս մեկը կամենալով հրատարակել եղեռնից մազապուրծ իր պապի ձեռագիր հուշերը` «Մի հայի պատմություն» վերնագրով, դիմեց ինձ` խմբագրելու խնդրանքով: Մերժելը մի տեսակ անհարմար էր, ու հարկադրված համաձայնեցի:
Այն, ինչին պատահեցի ձեռագիր երկու տետրակներում, զարհուրելիից էլ զարհուրելի էր, և ամիսներ շարունակ հիշողությանս էկրանից չէին ջնջվում սահմռկեցուցիչ տեսարանները: Ու հարկավոր է թուրք լինել` այդքանից հետո աշխարհով մեկ հայտարարելու համար, թե սուտ է, նման բան չի եղել, թե այդ հայերն են իրենց կոտորել ... 
Բայց սույն հրապարակման նպատակն ապրիլի 24-ի առիթով արևմտյան հարևաններին հերթական անգամ այպանելը չէ ամենևին:

Ո՞ւր է հետևությունը

Եղեռնից հրաշքով փրկված հայորդու հիշյալ ձեռագիրն ընթերցելու պահին, սոսկալի տեսարանների հեռակա «ականատեսը» լինելով, հարց տվեցի ինքս ինձ. «Բայց չէ՞ որ ահավոր այս աղետը տեսած ժողովուրդը դրանից հետո պիտի փոխվեր արմատապես, որպես նույն վշտի կրողներ` հայերը պիտի յուրահատուկ կարեկցանք տածեին միմյանց հանդեպ, այդուհետ ապրեին որպես եղբայրներ ու քույրեր, հասնեին ու սատարեին միմյանց: Ու սեփական պետությունը վերականգնելու բարեբախտությունն ունենալով` դարձնեին այն նախանձելիորեն կանոնակարգված ու կարգավորված: Չէ՞ որ երբ մեկի օջախում ծանր կորուստ է լինում, ապա սգո արարողություններին ներկաներն արմատապես փոխվում են այդ իրավիճակում, դառնում կարեկից, հանդուրժող, հասնող: 
Մենք, որ աշխարհե-աշխարհ ընկած փորձում ենք համոզել այլոց ճանաչել մեր ցեղասպանությունը և դատապարտել թուրքերին, արդյոք ինքներս ճանաչե՞լ ենք մեր իսկ ցեղասպանությունը և անհրաժեշտ հետևություններ արել»:

Փաստե՜ր, փաստեր

Զգում եմ ընթերցողի մռայլվելը. մի՞թե տխուր այս օրը տեղին է ինքնաքննադատությունը, և հետո` արդյոք դրանից մեզ չսիրողները չեն օգտվի՞:
Այն, որ անհրաժեշտ հետևություններ չենք անում մեզ պատահած դժբախտությունից, ամենամեծ նվերն է մեզ չսիրողներին: 
Խոսենք փաստերով ու տեսնենք, թե ցեղասպանությունից ընդամենը երեք տարի հետո սեփական պետությունը վերականգնելու բարեբախտությունն ունեցած հայ հանրությունը որ չափով էր դասեր քաղել սեփական պատմությունից և ինչ բովանդակություն էր հաղորդել իր երկրի ներքին կյանքին: 
«Օր-օրի աճող հանցավորությունն ընդունում է վիթխարի չափեր և վերաճելով՝ ստանում է հրեշավոր բնույթ: Երկրում ավերածությունները մեծացնում են հանցավորությունը, իսկ հանցավորությունը մեծացնում է ավերածությունը: Այս երկու երևույթները, մեկը մյուսին նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի...: Կառավարությունը, որպես երկրում կարգ ու կանոն հաստատող պատվար, պետք է ներդնի իր բոլոր ուժերը հանցավորության դեմ պայքարելու համար և նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասարակությունից հանցավոր տարրի վերացումը: Այս խնդրին պետք է ծառայեն վարչակազմը և դատարանը: Մինչդեռ մեր վարչակազմը հեռու է լավ լինելուց»: 1919 թվականին հնչած այս խոսքերի հեղինակն ամենևին Առաջին հանրապետության ժամանակների ընդդիմադիր գործիչ չէ, այլ Երևանի օկրուգային դատախազը:
Եթե ասվածը բավարար չէ համոզվելու համար, որ հայ հանրությունն ամենևին հետևություններ չէր արել եղեռնից անմիջապես հետո և չէր մշակել դրանից բխող հանրային կենսակերպ, ապա խոսքը տանք Առաջին հանրապետության Ներքին գործերի նախարարի օգնականին. «Մարդկանց ահագին բազմություն սպառազինված լավագույն զենքով ցրված է հանրապետության բոլոր անկյուններում: Չունենալով ոչ մի հաստատուն պարապմունք և, որ կարևոր է, բացարձակ հափշտակության և կողոպուտի միջոցով հարստանալը գերադասելով քրտնքոտ վաստակից, նրանք իրենց նվիրել են ասպետական արշավների: Կողոպուտը հանցանք չէ: Բարոյական ըմբռնումը ոչնչացել է արդեն: ... Երկրի կյանքը վրդովող երկրորդ հանգամանքը գաղտնի ավազակախմբերի գոյությունն է: Սրանք կազմված են գլխավորապես բնիկ տարրերից, որոնք դարանամուտ են լինում գլխավորապես ճանապարհների վրա և զուտ կողոպուտի նպատակով սպանում են ճամփորդներին և թալանում: Հայաստանի բոլոր մասերում այդ երևույթը նկատվում է: ... Երևանից Աշտարակ տանող խճուղու մոտի Միկինի ձորը մի սպանդանոց է անցորդների համար: Այնտեղ երկու տարվա ընթացքում մոտ 100 մարդ է սպանվել: ...Երկիրը լիքն է բանդող քայքայող տարրերով»: 
Որքան էլ որ տխուր է խոստովանելը, այդ ավազակախմբերը մինչ այդ հարձակվում և թալանում էին յաթաղանից հրաշքով մազապուրծ, մահվան ճամփաներով Արևելյան Հայաստան հասած մարդկային տանջահար քարավանները: 
Կատարվածի բացատրությունը դեռ այն ժամանակ տվել է Կարսի նահանգապետը Կառավարության նախագահին ուղղված զեկուցագրում. «Մարդիկ վարակված են թալանելու, ապահովվելու և ապա հեռանալու տենչով... Ոճիրը պարփակում է իր մեջ քաղաքական, տնտեսական և իրավական բացատրություններ և այդ բարդ ու խճճված պայմաններում է մեր օրերի քրեական տրամադրությունների գաղտնիքը: Բացի այդ, գաղտնիք չէ այն, որ պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք»: 
Մինչդեռ եղեռնից թիվ մեկ հետևությունը պիտի լիներ անգաղափար և անղեկ դարավոր թափառումը կասեցնելն ու պետական հայացքի, պետական աշխարհայեցողության ձևավորումը, որոնց բացակայությունն էլ հանգեցրել է բազում դժբախտությունների:

Պարտք

Ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր ծաղիկներ տանելը կամ աշխարհի տարբեր ծագերում հիշատակի միջոցառումներ կազմակերպելը գուցե անհրաժեշտ, բայց ամենևին բավարար չէ մեր ցեղասպանությունը մեր իսկ կողմից ճանաչած լինելու համար: Այդ օրը ամեն հայ պիտի հարց տա իրեն` իսկ ես, հանուն տանջամահվածների հոգու հանգստության, անձամբ իմ կյանքում անո՞ւմ եմ հնարավորը` որպեսզի մարդկության պատմության ամենազարհուրելի դժբախտությունը տեսած իմ ժողովուրդը այսօր ունենա ապրելու տանելի սոցիալական և բարոյահոգեբանայկան պայմաններ: Արդյոք ես նպաստում եմ հանրության մոտ պետական հայացքի, պետական աշխարհայոցողության ձևավորմանը, թե...

Թե...

Թե որ չափով է ներկա հայ հանրությունը ճանաչում սեփական ցեղասպանությունը և դրանից դասեր ու հետևություններ անելով` կարգավորում հանրային կայնքը` գնահատելը թողնում են ընթերցողին: Օգնության նպատակով ընդամենը բերեմ մեկ օրինակ: Էջմիածին քաղաքում մի տարածք կա, ուր Առաջին հանրապետության տարիներին թաղվել են սովից մահացած հարյուրավոր հայ երեխաներ: Եվ որպեսզի հապճեպ ստեղծված այդ գերեզմանոցը վտանգ չներկայացներ ողջ մնացած մարդկանց, տարածքը դեռ այն ժամանակներում պատվել է ծառերով:
Այսօր այդ նույն տարածքում ախպեր տղերքը ծառերը կտրում, հաց ուտելու տեղ են սարքում: Եվ ողջախոհությունը չկորցրած մարդկանց ահազանգին առողջապահության համակարգից պարզաբանել են, թե իրենց ուսումնասիրություններով տարածքի հողը և ջուրը հանրության առողջությանը վնասող մանրէներից զերծ են: Ասել է, թե` խանգարող որևէ հանգամանք չկա, կարելի է խնջույքներ սարքել տանջամահ եղած երեխաների ոսկորների վրա: Եվ ոչ մի մտատանջություն, խիղճ կամ հոգու պարտք... 

Վերջաբան

Երրորդ հանրապետության իշխանությունների առջև գերծանր խնդիր է դրված` հաշվի առնելով վերջին դարերի թողած բացասական ազդեցությունները` վերստին ազգ դարձնել, ինչպես Նժդեհը կասեր, ուծացած հայկական զանգվածները: Առաջին և երկրորդ նախագահը չգիտակցեցին այս խնդիրը և համարժեք քայլեր չարեցին, ինչն էլ դարձավ նրանց անկման գլխավոր պատճառը:
Հիմա նույն խնդրի առջև երրորդ նախագահն է կանգնած:
Ապրիլի 24-ն այն օրն է, երբ պիտի առանձնահատուկ խորհենք այդ խնդրի լուծման մասին:
Եթե մի հանրություն ունակ չէ ճանաչել սեփական դժբախտությունը և անհրաժեշտ հետևություններ անել, ապա դժբախտությունները նրա համար լինելու են անխուսափելի: Եվ այստեղ Աստվածն անգամ օգնել չի կարող, ու կարիք չկա ամենևին կանչել ուշացած` «Ու՞ր էիր, աստված»: Աստված նրանց հետ է, ովքեր իրեն չեն արհամարհում:
Ա.Պ.
2009, Հայաստանի զրուցակից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել