Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը առիթ բաց չի թողնում՝ նշելու, որ ոստիկանները այլևս «միլիցա» չեն, ու որ նրանք հիմնովին փոխվել են։ Որպես ոստիկանների հիմնովին վերափոխման ապացույց է ներկայացվում նաև ոստիկանների նոր համազգեստը։
Համաձայնեք, որ սա իսկապես ավելի շատ դեմոգոգիա է, քան լուրջ փոփոխություն, և ոստիկանների «հոգեբանությունը» չի փոխվել և չի փոխվելու՝ ոչ անվան փոփոխմամբ և ոչ էլ նոր համազգեստի առկայության դեպքում։
Այս տարիների և բարեփոխումների արդյունքում ոչ «գայիշնիկներն» են դարձել պետավտոտեսուչ, և ոչ էլ «պպեշնիկները»՝ կարգապահության նվիրյալ։ Խորհրդային տարիներից մնացած սինդրոմը դեռ իրեն բավականաչափ զգացնել է տալիս, ինչի պատճառով ոստիկանը հասարակության դեռ կողմից ընկալվում է ոչ թե որպես հասարակական կարգի պահապան, քաղաքացիների բարեկամ, այլ՝ ծեծող (մի բան, որ դեռ չի հաջողվում ամբողջությամբ արմատախիլ անել), գլխին «գործ սարքող» և պատժիչ գործիք։ Սրանք արատավոր երևույթներ են, որոնք, որքան էլ ոստիկանապետը ասի, որ հաղթահարվում են, դեռ կան ու ցավոք դեռ երկար կման։ Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն հատուկենտ ոստիկաններին, որոնք իրենց աշխատանքի նվիրյալներն են և անձնուրաց ծառայում են։
Հ․Գ․ Այդ փող գռփող «գաիշնիկները» ու կեղծ կարգ պահպանող «պպեշնիկները» մի բան պետք է հստակ գիտակցեն, որ նրանց աշխատավարձը, համազգեստի գումարը և մնացած բոլոր «հնարավորությունները» տրվում են քաղաքացիների կողմից մուծված հարկերի շնորհիվ, և նրանք պարտավոր են ծառայել այդ քաղաքացիներին և պաշտպանել նրանց իրավունքերը։



