Իմ ելույթը ԵԽԽՎ-ում «Ինտերնետ հասանելիության նկատմամբ իրավունքը» վերտառությամբ զեկույցի առնչությամբ: Դելֆիի գործիի քննադատությունը առանցքում:

Հարգելի՛ գործընկերներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողներին ներկայացված զեկույցների համար, որոնք բարձր տեխնոլորգիաների մեր ժամանակաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր են բարձրացնում:
Անկասկած է, որ համացանցը դարձել է մարդկանց կյանքի կարևոր մասը, կարծիքների արտահայտման, տեղեկատվության տարածման, կրթության ստացման, սոցիալիզացիայի, գովազդի, նույնիսկ քաղաքական քարոզարշավների իրականացման նոր ոլորտ: Մեզնից շատերը չեն կարող պատկերացնել իրենց կյանքը առանց համացանցի, սակայն միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չունեն նույնիսկ նվազագույն ինտերնետ հասանելիություն, ինչը նշանակում է, որ նրանք զրկված են համացանցի կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից, տեղեկատվական բազմաթիվ աղբյուրներից, կրթական ծրագրերից, ժամանցի նոր միջոցներից: Անկասկած, սա արդարացի չէ:
Այս առումով համացանցը ավելի հասանելի դարձնելու վերաբերյալ բոլոր պետություններին և մասնավոր սուբյեկտներին ուղղված առաջարկը միտված է նրան, որ պետության բոլոր հատվածներում ապահովվի նվազագույն ինտերնետ հասանելիություն:
Ակնհայտ է, որ համացանցը խոսքի և արտահայտվելու ազատության, տեղեկություններ ստանալու և կիսելու իրավունքի գաղափարը բարձրացրել է նոր մակարդակի վրա: Սակայն ինչպես ցանկացած հզոր գործիք, համացանցը սխալ ձեռքերում կարող է զենք դառնալ: Կարևոր է ունենալ որոշակի կարգավորումներ համացանցի ոլորտում, սակայն միևնույն ժամանակ Թուրքիայի կողմից վերջերս ձեռնարկված միջոցները անընդունելի են: Բավական հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կարող է արգելափակել ինտերնետ հասանելիությունը (Twitter-ի և Youtube-ի արգելափակում) իր քաղաքական շահերի համար:
Այսօր ցանկանում եմ խոսել նման կարգավորումներից մեկի մասին, որ ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով: Հարկ եմ համարում հիշեցնել այս գործի մասին: Որոշման մեջ դատարանը նշել է, որ Դելֆի լրատվական գործակալությունը պատասխանատու է իր ֆորումում ներկայացված զրպարտչական մեկնաբանությունների համար: Դատարանը գտել է, որ մեկնաբանությունների ֆիլտրման մեխանիզմը բավարար չէ երրորդ անձանց պատճառվելիք վնասը կանխելու համար: Դատարանը սահմանել է, որ դիմող ընկերությունը, ելնելով տպագրվող հոդվածի բնույթից, պետք է կանխատեսեր դրանով պայմանավորված մեկնաբանությունների հնարավոր բնույթը և ձեռնարկեր տեխնիկական և ավտոմատ միջոցներ զրպարտչական մեկնաբանությունների հանրայնացումը կանխելու համար:
Դատարանը այնուհետ նշել է, որ համացանցի տարածվածությունը ինչպես նաև հնարավորությունը և որոշակի դեպքերում վտանգը, որ մեկ անգամ հրապարակային դարձած տեղեկատվությունը մնում է հրապարակային և մշտապես տարածվում, հիմք է տալիս որոշակի զգուշավորության: Դատարանի կարծիքով զրպարտչական մեկնաբանությունների նույնականացումը և հեռացումը բարդ խնդիր է եղել, այդ թվում՝ դիմողի համար: Դա էլ ավելի ծանրաբեռնող է հնարավոր տուժողի համար, որը ավելի քիչ միջոցներ ունի համացանցի շարունակական մշտադիտարկման(մոնիթորինգի) համար:
Հարգելի գործընկերներ,
Չնայած այս գործով կարևոր քայլ է կատարվել անհատների իրավունքների պաշտպանության համար, բայց այն փոխեց ընդունված մոտեցումը՝ պատասխանատվությունը դնելով հիմնականում մեդիա պրովայդերի վրա, (խստացնելով այն) վերջինիս վերապահելով ակտիվ դեր նշված իրավիճակում: 
Որպես արդյունք այն հնարավորություն է տալիս անձանց պաշտպանել իրենց վիրտուալ կյանքում, սակայն այն նաև սահմանափակում է խոսքի ազատությունը որոշակի ձևով և պատասխանատվության բեռը դնում է մեդիա պրովայդերի վրա: Այսպիսով՝ ինչպիսի՞ հարց պետք է տանք ինքներս մեզ: Արդյո՞ք այսպիսի սահմանափակումը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Իմ պատասխանն է ոչ: 
Սակայն փաստը այն է, որ մենք այս խնդրի հետ կապված կարիք ունենք նախատեսել հստակ իրավական նորմեր՝ ընդունվող կանոները դարձնելով պարզ և հստակ, սահմանելով պատասխանատվության հատուկ սուբյեկտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել