Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը առաջիկայում իր նստավայրերից կդարձնի Ստամբուլի Յըլդըզ պալատը, որը եղել է օսմանյան սուլթանների սիրելի պալատներից:
Պալատը, որը բաղկացած է մի քանի շինություններից, կարող է ծառայել որպես արտասահմանցի կարևոր հյուրերին ընդունելու վայր, ինչպես նաև աշխատավայր Թուրքիայի նախագահների համար:

Պալատի մեծ մասը գործելու է որպես թանգարան, իսկ Մաբեյն առանձնատունը ծառայելու է որպես նախագահական նստավայր:

Յըլդըզ պալատը, որը հանդիսացել է նաև արյունարբու Աբդուլհամիդի Երկրորդի (1876-1908 թթ) նստավայրը, կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին իտալացի ճարտարապետ Ռայմոնդ դ’Արոնկոյի ղեկավարությամբ:

Պալատի կառուցման գործում իրենց զգալի ավանդն են ունեցել նաև Պալյան գերդաստանի ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են շինարարությանը, ինչպես նաև նախագծել պալատի «Մալթայի տաղավար» կոչվող շինությունը:

Հայազգի Պալյանների ընտանիքը համարվում է Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետական գերդաստաններից: Նրանց հանճարին են պատկանում մի շարք պալատներ, շենքեր և եկեղեցիներ Ստամբուլում, որոնք անգնահատելի արժեք են ներկայացնում քաղաքի պատմության համար:

Ի դեպ, Պալյանների հեղինակած Դոլմաբահչե սուլթանական պալատը ներկայումս Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի նստավայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել