Ռոլանդ Անդրաս Ֆլինտան նկարում է արտիստիզմով և դասական գեղեցկությամբ աչքի ընկնող մոդելների դիմանկարներ: Նրա լուսանկարներում արտացոլված է կանացի գեղեցկությունն ու նրբագեղությունը: Ստորև ներկայացված է մի հատված այս շնորհալի լուսանկարչի հետ անցկացված հարցազրույցներից մեկից:
- Մի քանի բառով պատմեք Ձեր մասին:
- Ես ծնվել եմ Հունգարիայում, սակայն 1981 թ.-ից ի վեր բնակվում եմ Գերմանիայում: Ես վաղուց եմ զբաղվում լուսանկարչությամբ, բայց միայն 2010 թ.-ին որոշեցի խորանալ այս բնագավառում և ամբողջովին նվիրվել լուսանկարչությանը: 2011 թ.-ի ամռանը ես տարվեցի ժապավենային լուսանկարչությամբ:
- Ինչո՞ւ որոշեցիք հենց դիմանկարներ լուսանկարել:
- Ես միշտ եմ տարված եղել լուսանկարչության այս ուղղությամբ: Այն ինձ գրավում էր անգամ այն ժամանակ, երբ ես դեռևս սիրողական մակարդակով էի զբաղվում լուսանկարչությամբ: Ես երբևէ չեմ շեղվել լուսանկարչական այս ուղղությունից: Ես չեմ կարող բացատրել, թե ինչով էր պայմանավորված իմ ընտրությունը: Այս ուղղությունը պարզապես ավելի հոգեհարազատ է ինձ:
- Ունե՞ք ինչ-որ համոզմունք, որով առաջնորդվում եք լուսանկարչության ասպարեզում:
- Բառերը չեն հերիքի, որպեսզի նկարագրեմ իմ այն համոզմունքը, որ լուսանկարների միջոցով պետք է պատկերվի մարդու ներաշխարհը: Լուսանկարչությունն ինձ համար հազար բառ արժե: Դրա շնորհիվ ես փախչում եմ իրական աշխարհից և խորասուզվում բոլորովին այլ աշխարհի մեջ: Ինձ համար լավ դիմանկարը այն նկարն է, որը բացահայտում է դրանում պատկերված մարդու բնավորության գծերը և խառնվածքը: Ինձ համար շատ կարևոր է, որ լուսանկարիչն ապրումակցի բնորդի հետ: Սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանց միջև հոգևոր կապ կա: Եթե ցանկանում ես, որ լուսանկարը հաջող ստացվի, պետք է որոշակի տեղեկություններ ունենաս բնորդի մասին: Հակառակ դեպքում լուսանկարում անտեսանելի կլինի բնորդի իսկական եսը:
- Ինչպե՞ս եք պլանավորում ֆոտոսեսիաները: Ինչպե՞ս եք որոշում, թե ինչ դիրքերով եք պատկերելու բնորդներին կամ որ վայրում եք անցկացնելու ֆոտոսեսիան:
- Երբեմն պատահում են դեպքեր, երբ ես պլանավորում եմ ֆոտոսեսիան, սակայն հիմնականում ես հանպատրաստից եմ սկսում լուսանկարել, երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ինձ ոգեշնչում է: Գլխումս հաճախ այնպիսի գաղափարներ են ծագում, որոնց իրականացումը հետաձգելն անիմաստ է: Ես դրանք փորձում եմ հնարավորինս շուտ իրագործել: Երբեմն, երբ նոր վայր եմ գնում, հենց այդ վայրն էլ ինձ համար ոգեշնչման աղբյուր է ծառայում: Միշտ չէ, որ ամեն ինչ կարելի է պլանավորել: Շատ դեպքերում պետք է պարզապես հարմարվել նոր իրավիճակին:
Ես փորձում եմ իմ նկարներում ցույց տալ բնորդուհիների բնական գեղեցկությունը: Ահա թե ինչու այնքան էլ հաճախ չեմ խնդրում նրանց այս կամ այն հատուկ դիրքն ընդունել ֆոտոխցիկի առջև: Ես շատ քիչ ժամանակ եմ հատկացնում լուսանկարների հետագա մշակմանը և շատ քիչ փոփոխությունների ենթարկում դրանք:
- Ի՞նչ խորհուրդ կուզեիք տալ սկսնակ լուսանկարիչներին:
- Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դիմանկարներ լուսանկարել, խորհուրդ կտամ մանրակրկտորեն ընտրել ոչ միայն բնորդներին, այլև լուսանկարի հետևի ֆոնը: Տեխնիկան այնքան էլ կարևոր չէ: Պարզապես փորձեք այնպիսի լուսանկարներ նկարել, որոնք հավատ կընծայեն դիտողներին:
































