Panorama.am-ը գրում է.
«Մեր հայ տղաներն արաբների հետ միասին պաշտպանում էին մեզ, խմբեր էին կազմակերպել, հսկում էին բոլոր սահմանային կետերը: Իրենք տեղեկություն ստացան, որ ինչ-որ բան է լինելու Թուրքիայի կողմից: Այդ սահմանները պաշտոնապես Թուրքիան է հսկում: Տեղեկացան և բոլոր ընտանիքներին արագ լուր տվեցին: Առավոտ շուտ արթնացրին բոլոր ընտանիքներին ու բոլորս շարժվեցինք Լաթաքիա»,- Panorama.am-ի թղթակցին պատմում է Քեսաբից տեղահանված ու Լաթաքիայում ապաստանած Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:
Թողնում են տները՝ դռները փակ, ամբողջ ունեցվածքը մեջը: Շատերը կան, որ նույնիսկ անձնագիր չեն վերցրել: Միայն թե փրկվեին: Ծայրահեղականները տարբեր կողմերից թափանցում էին:
«Թուրքն արեց իր անելիքը, փշալարարերը հանեց: Մինչև հիմա թուրքն իր սև գործն է անում: Իրենք հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, զենքերով կրակել, Քեսաբում մարդ չմնաց: Բոլորս տեղահանվեցինք»,- ասում է նա և շարունակում,- «Եկանք Լաթաքիա, այն մարդիկ, ովքեր ազգականներ ունեն այստեղ, զանգահարեցին և ապաստանեցին նրանց տանը: Մյուսների համար եկեղեցու դռները բացվեցին»:
Բոլորին օգնություն է բաժանվում շատ արագ, պետությունն ու հայկական կազմակերպությունները ոտքի են ելնում: Ծածկոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են տալիս: Սնունդ են բերում, տիկինները ճաշ են եփում և մինչև հիմա էլ երեք անգամ օրական սնունդ են տալիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



