Ուկրաինայի տարածքում բոլոր զինված խմբավորումները հայտարարվել են օրենքից դուրս: Այս մասին հայտարարել են այդ երկրի ոստիկանության առաջին դեմքերը։
Այս հայտարարությունն ինձ տարավ անցյալ դարի իննսունականների Հայաստան, երբ հետկոմունիստական Հայաստանի առաջին իշխանությունը փորձում էր կայունություն հաստատել երկրում։ Հանուն արդարության խոստովանենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ջանքերը, գոնե այս առումով, հաջողությամբ պսակվեցին, ու սա այն պարագայում, որ ղարաբաղյան պատերազմն ընթացքի մեջ էր ու «զինված խմբավորում» տերմինը՝ խիստ հարաբերական։
Ուկրաինայում դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հաջողությամբ կիրականացվի ոստիկանության ցանկությունը, որովհետև այդ երկրում իշխանություն հասկացությունն ինքնին հարաբերական է։
Սակայն ավելի էական է մեկ այլ հանգամանք. Ուկրաինան անկախության քսաներեք տարիներին, ըստ էության, որպես պետություն չի կայացել ու հիմա անում է քայլեր, որոնք բնորոշ են նորանկախ պետություններին։
Ուկրաինայի մարտահրավերը, գլխավոր մարտահրավերը՝ հենց պետության չկայացվածության բարդույթի հաղթահարումն է։



