Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց առջև խնդիր են դրել կամ ուրիշներն են իրենց առջև խնդիր դրել ամեն գնով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Դա է պատճառը, որ Ռուսաստանում հնչող ցանկացած միտք Հայաստանում դարձնում են լայն քննարկման առարկա:
Նախ պետք է ծանոթանալ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակին` պարզելու համար, թե ով ով է, և ով ինչ կշիռ ունի ՌԴ քաղաքական հիերարխիայում: Ամեն մեկի անիմաստ հայտարարարությունը չէ, որ պետք է դարձնել քննարկումների առարկա: 
Մաքսիմ Շևչենկոն ամենևին էլ ազդեցիկ դեմք չէ Կրեմլում և պետք չէ նրա հերթական ադրբեջանամետ հայտարարությունը մեկնաբանել. եթե Հակոբ Բադալյանը ծանոթ լիներ Կրեմլի քաղաքական շրջապատին` կիմանար, որ Մաքսիմ Շևչենկոն ընդհանրապես որևէ ազդեցություն չունի քաղաքական որոշումների կայացման վրա, և հայտնի է իր ադրբեջանամետ պահվածքով: 
Հարգելի Հակոբ, Ռուսաստանում շատ քաղաքական մեկնաբանների և վերլուծաբանների ֆինասնավորում են ինչպես հայ (ի դեպ, ինձ և քեզ շատ հայտնի), այնպես էլ ադրբեջանցի և այլ ազգերի օլիգարխներ: Դա է պատճառը, որ տարբեր քաղաքական վերլուծաբաններ, կախված այն բանից, թե որ ազգությունն է իրենց ֆինանսավորում, պաշտպանում են այդ ուղղության շահերը: Ռուսաստանի և քո նշած Կրեմլի իրական ազդեցիկ դեմքերը շատ դրական և բարեկամակական հարաբերություններ ունեն Հայաստանի իշխանությունների հետ և հայ ժողովրդին համարում են իրենց բարեկամն ու դաշնակիցը:
Նման մարդկանց գնահատականներին, վստահ եմէ լուրջ չեն վերաբերվում նույնիսկ այն մարդիկ, ովքեր ֆինանսավորում են այդ բերաններին: Ինչո՞ւ պետք է մենք լուրջ վերաբերվենք և թույլ տանք, որ դրանք սեպ խրեն մեր և մեր ռազմավարական դաշնակցի հարաբերությունների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել