«Ժամանակ» թերթը զրուցել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն նախարար, ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանն ասել է, որ պատրաստ եք փոփոխությունների եւ քննարկման անգամ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ կապված: Կարո՞ղ եք մոտավոր ասել` ի՞նչ զիջումների է պատրաստ այսօր գնալ կառավարությունը:
Ճիշտն ասած, չեմ հասցրել ծանոթանալ պարոն Աբրահամյանի հայտարարությանը, իսկ նախորդ նիստի ժամանակ վարչապետը հրավիրեց երկխոսության եւ խնդիրները քննարկելու: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ բաց ենք քննարկումների համար:
Մի կողմից կառավարությունն ասում է` եկեք քննարկենք, մյուս կողմից` Դուք օրեր առաջ հայտարարեցիք, որ պարտադիր կուտակային համակարգի հարցում որեւէ զիջում հնարավոր չէ:
Իսկ ի՞նչ է նշանակում զիջում, ի՞նչ եք հասկանում զիջում ասելով:
Կոնկրետ պահանջը «պարտադիր»-ին է վերաբերում, որ «պարտադիր» բառը հանվի օրենքից: Այդ հարցում Դուք պատրա՞ստ եք զիջման գնալ:
Ի վերջո, մենք բառերի մասին չենք խոսում, մենք խոսում ենք համակարգերի մասին: Մենք չենք խոսում կոնկրետ որեւէ բառ հանելու կամ դնելու մասին: Խնդիրը պետք է դիտարկել համակարգային եւ համակարգի մեջ: Սրան է վերաբերում հարցը: Ես կարծում եմ, որ առաջարկություն ներկայացնողները գիտեն, որ խնդիրը ոչ թե բառի է վերաբերում, այլ համակարգերի, հետեւաբար` համակարգը պետք է կոմպլեքսի մեջ դիտարկել:
Պարոն Ասատրյան, կառավարությունն այսօր ասում է` եկեք երկխոսենք, ՀՀ քաղաքացին, որը դեմ է կուտակայինին, ուզում է հասկանալ, կա՞ ինչ-որ հարց, որի շուրջ կառավարությունը կարող է զիջումների գնալ, կա՞ հարց, որի վերաբերյալ կարող եք ասել, որ պատրաստ եք զիջումների:
Ոչ թե խնդիրը զիջումներին է վերաբերում, այլ վերաբերում է այն հարցերին, որն ամենաշատը մտահոգում է մեր քաղաքացիներին, եւ դրանք քննարկելով, հասկանալով դրանց հիմքը, դրանց բոլոր ազդեցությունները, պետք է կշռադատված որոշումներ կայացնել, քննարկել այս շրջանակներում: Այսինքն` բազմաբովանդակ քննարկում է ենթադրում: Ինչ է նշանակում` զիջել, ինչն ենք զիջում, ինչը չենք զիջում, էդպիսի խնդիր չկա դրված: Կա խնդիր, որ մեր երկրի կենսաթոշակային համակարգը շատ կարճ ժամանակահատվածում չբարեփոխելու դեպքում դառնալու է սնանկ: Այսօրվա կենսաթոշակի չափերը անընդունելի ցածր են եւ քաղաքացիների, եւ կառավարության համար:
Ասել է թե` պարտադիր կուտակային համակարգի հարցում կառավարությունը չի կարող զիջումների գնալ, եւ տպավորություն է ստեղծվում, որ բողոքողներին քննարկման հրավիրելով ընդամենը փորձում է ժամանակ շահել մինչեւ ՍԴ որոշումը:
Սխալ է այդ տպավորությունը: Երբ մենք խոսում ենք պարտադիր համակարգերի եւ կամավոր համակարգերի մասին եւ ասում ենք, որ տարբեր երկրներում գործում են տարբեր համակարգեր, ապա կարող եք տեսնել, որ այն երկրներում, որտեղ օրենքի ուժով պարտադիր համակարգն ամրագրված չէ, ապա անցած 50-100 տարիների ընթացքում ձեւավորվել են համակարգեր, որոնք դարձել են պարտադիր աշխատանքային կոլեկտիվ պայմանագրերի ուժով, եւ երբ մարդն աշխատանքի է ընդունվում, դա արդեն պարտադիր է: Դա է նաեւ պատճառը, որ կան երկրներ, որտեղ չկա անհրաժեշտություն ընդունել առանձին օրենք: Այնպես որ, խնդիրը պետք է դիտարկել ամբողջության մեջ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում