1in.am-ը գրում է.
Թեև Արագածոտնի մարզի Կարբի գյուղը համարվում է Հայաստանի բարեկեցիկ գյուղերից մեկը, սակայն բնակիչների խոսքով՝ այն բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Այստեղ էլ մյուս գյուղերի պես գյուղատնտեսական վարկերը շատերի տունն են «քանդել»:
Լեռնիկենց ընտանիքը հենց այդ ընտանիքներից է, որ վարկերի պատճառով հայտնվել է դրսում:
Արմատներով բնիկ կարբեցի ընտանիքը մի քանի տարի առաջ խիզախել է վարկ վերցնել, արդյունքում հայտնվել է փողոցում՝ մնալով առանց ոչնչի:
Լեռնիկի մայրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ հինգ հոգով ապրում են դոմիկում, զրկանքների մեջ: «Հիմա ո՞վ աշխատանք ունի…ոչ ոք, օրվա հացի փող էլ չենք հասցնում, օրվա աշխատանք չունենք, հող չունենք, գոյությունը ինչպես կարող ես ապահովել, նպաստով ենք յոլա գնում, չենք հասցնում, մինչև նպաստը կտան, պարտքով վերցնում ենք ուրիշից, հետո ստանում ենք, պարտքերը փակում»,- ասաց Լեռնիկի 59-ամյա մայրը՝ հավելելով, որ շատ ժամանակ խանութներն արդեն պարտքով էլ չեն կարողանում տալ, ինչը, նրա խոսքով, մեղադրելու էլ չէ:
«Օր է եղել՝ հաց էլ չենք ունեցել: Օր է եղել՝ վառելիք չենք ունեցել: Հող չունենք մշակելու, հողեր ունեցել ենք, բայց դրանք էլ վարկի դիմաց ենք տվել»:
Լեռնիկը պատմեց, որ տարիներ առաջ բանկից վարկ է վերցրել՝ խոզեր և հավեր պահելու, բազմացնելու, ապա սպառելու նպատակով, 117 խոզ և 1000 հավ են ունեցել, որոնք կերից սատկել են:
«Մենք ունեինք ամեն ինչ՝ տուն, հող, ու հիմա չունենք ոչինչ: Ուղղակի լսեցինք որ Վրաստանից կեր են ներմուծել, թունավորել են, կերի թունավորումից խոզերը սատկեցին»,- հուզված ասաց Լեռնիկի մայրը:
Հիմա ընտանիքն ապրում է գյուղի ծայրում գտնվող դոմիկում. «Եթե դոմիկի տերը խիղճը կորցնի մեզ հանի, մենք ենք ու մեր կապույտ չադրան՝ երկինքը»,- ասացին նրանք:
Մեր այցելության ժամանակ նրանք հաց էին թխում. քանի որ ամեն օր չեն կարող հաց գնել, տնային պայմաններում են թխում:



