1in.am-ը գրում է.

14 տարի առաջ Հայաստան վերադարձած և 2004 թվականին «Ալիշան» ՍՊԸ-ն հիմնած սփյուռքահայ գործարար Սերժիկ Մովսեսյանը երկու ամիս է՝ չի կարողանում շարունակել պահածոների արտադրությունը, քանի որ բախվել է «ՀայՌուսգազարդի»-ի կամայականություններին: 2004-ից առ այսօր գործանն առաջին անգամ է այսքան երկար ժամանակով դադարեցնում աշխատանքները: Պահածոների գործարանի շուրջ 50 աշխատակից հայտնվել են հարկադիր պարապուրդում: Մնացել են պիտակավորման բաժնի մոտ 10 աշխատակից, որոնց էլ տնօրենն այս ամսվա ավարտից հետո ստիպված կլինի տուն ուղարկել, եթե գործարանի առաջ ծառացած խնդիրը լուծում չստանա:

«Ալիշան» պահածոների գործարանը երկու ամիս է՝ գազ չունենալու պատճառով փակ է՝ չնայած պատվերներին, որ այսօր էլ շարունակում է ունենալ:

«Հիմա 10-15 հոգի արտադրածը պիտակավորում են, քանի որ պատվերներ ունենք, բայց չենք կարողանում մատակարարել, իսկ այս 15 հոգու աշխատավարձն անգամ շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում հասցնել: Գործարանը չի կարող գործել, քանի որ գազամատակարարումն անջատված է: Իրանահայ գործարար, ընկերության սեփականատեր Սերժիկ Մովսեսյանն ունի փաստեր, որ այս տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն գազի հաշվարկը կեղծել է և 11-12 տոկոսով ավելի գումար գանձել: Դրա հետևանքով 1.906.608 դրամ պարտքի ծանուցագիր են ստացել դեռ դեկտեմբեր ամսին, ինչը, տնօրենի հավաստմամբ, իրականության արտացոլումը չէ: Նա նշեց, որ չեն պատրաստվում ավելորդ գումար վճարել:

«Մեզնից մոտավորապես 160 հազար խորանարդ մետր ավելորդ գազի գին են հաշվարկել, այսօրվա գազի գնի հաշվարկով մոտավորապես 15-20 միլիոն է կազմում՝ չհաշված այն, որ մենք վնաս կրեցինք իրենց պատճառով այս ամիսներին: Դեկտեմբեր ամսին 450 հազար տույժ տուգանք են դրել, մենք ասում ենք՝ դուք պարտք եք մեզ, տվեք, մենք էլ ձեր պարտքը տանք, չեն համոզվում, գուցե մտածում են՝ օրենքից վեր են. սա է մեր գազի քաղաքկաանությունը»,- վրդովված ասաց տնօրենը:

Հետաքրքրվեցինք՝ եթե գործարանը շահագործվի, արտադրանքի գները կաճե՞ն, թե՞ ոչ: Տնօրենը նշեց, որ գազի գնի թանկացման հետ կապված ապրանքն էլ կթանկանա, քանի որ իրենց աշխատանքը 90 տոկոս գազով է, այսինքն՝ ուղղակի ազդեցություն կթողնի արտադրանքի վրա:

Նա նշեց, որ վերևից ներքև բոլորն էլ տեղյակ են եղել ՀայՌուսգազարդի կամայականություններին, բայց դեռ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, ինչն էլ փաստում է, որ բոլորով միասին են իրականացրել խարդախությունը:

«ՀայՌուսգազարդ»-ի վերջին խոսքն այն է, թե՝ դուք բերեք փողերը մուծեք, հետո կնստենք կհաշվարկենք: Ես իրենցից 15-20 միլիոն դրամ ստանալիք ունեմ, իրենք էլ համոզվել են դրանում, եթե ես վճարումները կատարեմ, ինչպես եմ իմ գումաները նրանցից հետ ստանալու: Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Գագիկ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարարությունից պարոն Եգանյանը հետապնդում են խնդրի լուծմանը. նրանք նամակ են գրել, փորձում են հիմնավորում ստանալ՝ ինչպես են ՀայՌուսգազարդում հաշվարկել, նման մեծ գումար ստացել,- ասաց տնօրենը՝ շարունակելով,- ամեն երազանքս է փլուզվել, բայց էլի հույս ունեմ, որ այս մերն է, ուրիշ մարդ չպետք է սարքի մեր երկիրը, ուրիշ մարդ չպետք է սարքի, սպասում ենք, տեսնենք՝ ինչ է լինելու»:

Նա նշեց, որ գործարանի աշխատանքային թեժ ամիսները սկսվում են մայիսից և շարունակվում մինչև դեկտեմբեր: Արդեն պատվերներ են ստացել, հատկապես Հայաստանի՝ ՄՄ -ի անդամակցության հայտարարությունից հետո Ռուսաստանից բավական հետարքրքրված են. «Մենք հոսքագծեր կդնենք, 60 հազար տոննայով կարող ենք մթերել, միայն թե խնդիրը լուծում ստանա: Նախագահի աշխատակազմին 15 օր առաջ ստիպված նամակ գրեցի, խնդիրը բացատրեցի, դեռ արձագանք չեմ ստացել նրանից, գուցե նրանք են ստիպել էկոնոմիկայի նախարարությանը զբաղվել խնդրով»,- ասաց Սերժիկ Մովսեսյանը: 

Մեր այցի ժամանակ կաթսայատան բաժնի աշխատակիցներն այնտեղ էին: Նրանք հույս հայտնեցին, որ խնդիրը մոտակա օրերին լուծում կստանանա:

«Ալիշանի հիմնական կորիզը Մասիսն է, մինչև գազերն անջատելը սեզոնին մինչև 250 աշխատող ենք ունենում, մենք այստեղ ընտանիքի նման ենք, իրար հասկանալով աշխատում ենք»,- ասաց կաթսայավարի օգնական Մարինե Գյուրջոյանը:

8 տարի է՝ Մարգարիտ Սարգսյանը գործարանում աշխատում է կաթսայավարի օգնական: Նրա խոսքով՝ ողջ աշխարհը պայքարում է գործազրկության դեմ, իսկ մեր իշխանություններն օգնում են, որ մեր ժողովուրդը գործազուրկ դառնա. «Այն դեպքում, երբ կա հնարավորություն, աշխատատեղ, աշխատուժ, ի վիճակի ենք աշխատել, մեզ պահանջում են նստել տանը, մուրացիկ դառնալ կամ արտագաղթել, իրենք նպաստում են հայաթափմանը»,- վիրավորված նշեց Մարգարիտ Սարգսյանը:

Մարինե Գյուրջոյանն էլ հավելեց, որ մեր կառավարությունը սիրում է իր գրպաները լցնել:

«Մենք խնդրում ենք, բարձրացնում ենք խնդիրը, եթե մայրն անզոր է ընտանիքում, նշանակում է՝ այդ ընտանիքը փլուզման եզրին է»,-ասացին նրանք՝ հավելելով, որ եթե խնդիրը արագ լուծում չստանա, իրենք անհրաժեշտության դեպքում կգնան Ազատության հրապարակ կամ ԱԺ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել