Armtimes.com-ը գրում է.
«Հայկական ժամանակ»-ը տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին գրավոր հարցում է ուղարկել` խնդրելով մեկնաբանել «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության վերջնական արդյունքները:
Խոսքը, հիշեցնենք, ձկնաբուծարանների աշխատանքի արդյունքում Արարատյան դաշտի անապատացման մասին է: «Որքանո՞վ են ուսումնասիրության արդյունքները վստահելի Ձեզ համար: Որեւէ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է մեր երկրի ջրային ռեսուրսների շուրջ ստեղծված իրավիճակի համար: Ինչո՞ւ հրաժարականներ չեն լինում, կամ որեւէ մեկը աշխատանքից չի հեռացվում: Դուք՝ որպես տարածքային կառավարման նախարար, Ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք այն բանում, որ հանրապետության տասնյակ համայնքներ փաստացի զրկվել են իրենց ջրային ռեսուրսներից: Ձեր հրաժարականի համար հիմքեր տեսնո՞ւմ եք»,-հարցրել էինք Արմեն Գեւորգյանին:
Նախարարությունից, նշելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ կառավարության առաջարկով, հայտնում են. «Պատասխանատվության հարցի հետ կապված հարկ է նշել, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվում է Արարատյան հարթավայրում ինքնաշատրվանող խորքային հորերի թույլտվության տրամադրման, շահագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ինչ վերաբերում է Տարածքային կառավարման նախարարության ու նրա համակարգում գործող Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեությանն ու պատասխանատվությանը` ոլորտում առկա խնդիրների լուծման մասով, ապա գնահատականներ տալիս տեղին կլինի նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ անգամ ստեղծված սակավաջրության պայմաններում ինչպես տարածքում գործող «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, այնպես էլ համապատասխան ՋՕԸ-երին հաջողվել է վերջին տարիներին բնակչությանն ապահովել ոռոգման եւ կենցաղային ջրով: Բացի այդ, ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի համակարգերի զարգացման եւ վերականգնման նպատակով վերջին տարիներին կատարվել եւ կատարվում են մեծածավալ կապիտալ ներդրումներ: Հարկ է նշել նաեւ, որ մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը ջրամբարաշինական խոշոր ծրագրեր է նախաձեռնել: Գործնական քայլեր են իրականացվում Կապսի, Եղվարդի, Վեդիի եւ Մաստարայի ջրամբարների կառուցման ուղղությամբ»:
Իր պատասխանում ՏԿՆ-ն շրջանցում է նախարարի անձնական պատասխանատվության մասին հարցը: «Սակավաջրության պայմաններում բնակչությանն ապահովել ենք ոռոգման եւ կենցաղային ջրով»՝ նշում է ՏԿՆ-ն` էլի չխոսելով պատասխանատվության մասին, քանի որ սակավաջրությունը պատճառ է նաեւ այս նախարարության անգործության:
Նախարարությունը մեզ նաեւ համեմատական տեղեկանք է ուղարկել, որտեղ նշված է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել խմելու եւ ոռոգման ոլորտներում 2002-2013 թվականների ընթացքում: Ըստ այդ աղյուսակի` այդ 11 տարիների ընթացքում խմելու ջրի ոլորտում կառուցվել է 3842,9 կմ ջրագիծ, ոռոգման ոլորտում կառուցվել են 860 կմ ջրագծեր եւ ջրանցքներ, վերականգնվել են պոմպակայաններ եւ այլն, ընդհանուրը՝ 362 միլիարդ 920 միլիոն դրամի կապիտալ ծախսերով: Էստեղ մի հարց է առաջանում. այսքան գումար ծախսել, չարչարվել եք, ջրային ավազանն էլ ցամաքեցրել եք, որ ի՞նչ անեք: Անջուր ջրատարն ինչի՞ է պետք:



