Ինտերկոնտինենտալ էթնոպոլիս. Pour toi Arménie. մաս 5-րդArmnewsTV.am-ը գրում է.

Երգեց անկեղծ, հմայեց ու սեթևեթեց. զուսպ, խորը, անպաշտպան, բայց ուժեղ ու խիստ կանացի: Կասսը երգեց մեծ բեմի լեգենդ` Պիաֆի կյանքի պատմությունը: Ֆրանսուհու կոկետությամբ` կապուտաչյա Պատրիսիա Կասսը երգեց ու Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրեր»-ի մեկնարկը տվեց:
Հայերը սկսել են օծանելիք ավելի շատ օգտագործել: Պատահական չէ, որ մեկ տարում Հայաստանն ավելացրել է օծանելիքի և հարդարաջրի ներմուծումը: Chanel N°5-ից մինչև Dior. Բույրով կարելի է ճանաչել դիմացինին, գնահատել նրա ճաշակն ու ճշտել սոցիալական կարգավիճակը: Օծանելիք, որ առաջացնում է կիրք ու ցանկություն: Օծման արվեստը կատարելագործվել է հենց Ֆրանսիայում: Միջին դարերում ֆրանսիացիները հազվադեպ էին լողանում: Պարֆյումը դարձավ հարուստ ֆրանսուհիների տհաճ հոտը կոծկելու անփոխարինելի միջոց: Ֆրանսիական օծանելիքից պակաս գրավիչ չէ նաև ֆրանսիական բագետի` ավանդական հացի ախորժալուր հոտը: Ֆրանսիական կրուասան` առանց մարգարինի, միայն` կարագ, այն պատրաստվում է ոչ պակաս, քան 6 ժամում: Ուշադրություն` Ֆրանսիական Կրուասանը կրեմ չունի:

Հայաստանում մոտ 1000 ֆրանսիացի կա, նրանց մի մասը այստեղ է եկել 40-ականներին` ներգաղթյալներ են: Հենց նրանք հայերի մեծ մասին կամա թե ակամա` դարձրեցին իսկական ֆրանկոֆոններ: Սովորեցրեցին ամենաշնորհակալ բառը` merci-ն, իրենք էլ դարձան ախպարներ: 
ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկը ֆրանսերենն է: Հյուգոյի լեզվով աշխարհում խոսում է ավելի քան 270 միլիոն մարդ: Ֆրանսերենը տարածելու գործում մեծ ներդրում ունի` «Ալիանս ֆրանսեզ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը: 
Հայ-ֆրանսիական կրթական գործակցության պսակը ֆրանսիական համալսարանն է: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը վստահեցնում է` այդ համալսարանի շրջանավարտների 90 տոկոսին հաջողվել է գտնել որակավարմանը համապատասխան գործ: Փոքր տարիքից խորացված ֆրանսերենի ուսուցում` սա ապագայի նախագծերից է: 
Ֆրանսիան Հայաստանում արևմտյան կարևորագույն ներդրողն է: Քիչ մնաց, Carrefour-ն էլ է գալիս Հայաստան: Շատ քննարկված, սպասված ու մեծ աղմուկ բարձրացրած սուպերմարկետների ցանցը իր հետ մեր երկիր կբերի նոր մշակույթ: 
Դեսպանը հաճախ է լինում Ծիծեռնակաբերդում: Հենց սա է երկու երկրների մերձեցման ամենախորհրդանշական վայրը` ֆրանսիան առաջիններից էր, որ դատապարտեց Ցեղասպանությունը: Օգյուստ Ռոդենի հեղինակած քանդակը մոտիկից տեսնելը եզակի հնարավորություն է: Սա էլ ֆրանսիական բարեկամության խորհրդանշաններից մեկն է: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի 2006-ի այցից հետո այս հրապարակն անվանվեց Ֆրանսիայի, 5 տարի անց Նիկոլա Սարկոզին այն հարստացրեց Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանով: 2014-ին էլ սպասվող ամենանշանակալի այցը Հայաստան կլինի` ֆրանսուա Օլանդինը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել