1in.am-ը գրում է.
Համաշխարհային բանկը (ՀԲ) վերջերս հրապարակեց Հայաստանի հետ գործընկերության 2014-2017թթ. ռազմավարությունը, որտեղ անդրադարձ կա նաև քաղաքական և պետական կառավարմանը վերաբերող հարցերին: Ըստ ՀԲ-ի՝ վերջին 4 տարիները (2009-2013թթ.) «բնութագրվում են հարաբերական քաղաքական կայունությամբ, որն ամենայն հավանականությամբ կպահպանվի հաջորդ 4 տարիներին (2014-2017թթ.), չնայած առկա որոշ ռիսկերին»:
«Այդ կայունությունը դրսևորվում է ինչպես հանրապետության նախագահի պաշտոնավարման շարունակականությամբ, որը վերընտրվեց 2013թ. նախագահական ընտրություններում, այնպես էլ հունիսի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության անվիճարկելի հաղթանակով: Երկու ընտրություններն էլ անցել են խաղաղ և միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ կառավարությունը ձգտում էր բարելավել ընտրական գործընթացը և ամրապնդել ձայնի իրավունքի և հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև բարելավել կառավարումը»,- ասված է ՀԲ հրապարակած ռազմավարությունում:
Այնուամենայնիվ, ՀԲ-ն մատնանշում է, որ ընտրությունների միջոցով չհաջողվեց հարթել երկարատև լարվածությունը ընդդիմության հետ հարաբերություններում: Շեշտելով, որ 2002-ից սկսած Հայաստանը կառավարվում էր խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ ստացած կուսակցություններից կազմված կոալիցիայի կողմից, ՀԲ-ն փաստել է, որ «2012թ. ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ երկրորդ խոշոր քաղաքական ուժը, չմասնակցեց նոր կառավարության կազմավորմանը՝ այդպիսով առավել մոտենալով խորհրդարանական ընդդիմությանը»:
«Ավելին` ընդդիմությունը մերժեց նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ պնդելով խախտումների առկայությունը, և երկրում լայնածավալ բողոքի ցույցեր կազմակերպեց: Այդ իրավիճակը կարող է թուլացնել կառավարության՝ քաղաքական համաձայնություն ձևավորելու ունակությունը, որն անհրաժեշտ է Հեռանկարային զարգացման ծրագրում (ՀԶԾ) ներկայացված բարեփոխումների օրակարգը սատարելու համար»,- ասված է ՀԲ զեկույցում:
ՀԶԾ-ն մինչև 2025 թվականը Հայաստանի զարգացման ծրագիրն է, որը, ըստ ՀԲ-ի, կազմվել է «հասարակական լայն մասնակցության և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում»: Այդ ծրագրով սահմանվում են Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացման, կենսամակարդակի բարելավման համար աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի զարգացման, հիմնական ծառայությունների մատչելիության բարձրացման և պետական կառավարման համակարգի արդիականացման «հավակնոտ թիրախներ»: «Սակայն այն իրականացնելու համար կպահանջվի դժվարին ընտրություն կատարել պետական ծախսերի, կառավարման բարեփոխումների մասով, և այլ փոխզիջումներ անել քաղաքականության մեջ՝ այդպիսով կառավարության առջև այդ տարբերակների շուրջ լայն համաձայնության ապահովման շոշափելի պահանջներ դնելով»,- վստահ են ՀԲ մասնագետները:
Նշենք, որ ինչքան էլ ՀԲ-ն «հավակնոտ» համարի ՀԶԾ-ն, դրանով նախատեսվում է տարեկան միջինը 5-6.4% տնտեսական աճ, որի պարագայում Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն միայն 2025-ին կհասնի այս պահի դրությամբ աշխարհի միջին ցուցանիշին՝ 10 հազար ԱՄՆ դոլարին: Պարզ է, որ 2025-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աշխարհի միջին ցուցանիշը շատ ավելին կլինի, քան ներկայիս 10 հազար դոլարն է: Այսինքն՝ ստացվում է, որ անգամ լավագույն սցենարի պարագայում Հայաստանը նույնիսկ 2025-ին իր կենսամակարդակով չի հասնի աշխարհի միջին մակարդակին:
Եվ սա, կրկնում ենք՝ լավագույն սցենարի պարագայում: Մինչդեռ նույն ՀԲ-ն է շեշտել, որ «տարածաշրջանային անվտանգության ռիսկերը շարունակում են մնալ հավանական՝ պայմանավորված ԼՂ շուրջ լատենտ (թաքնված) հակամարտությամբ և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ սահմաններով»: Այս հանգամանքը բացասաբար է ազդում մասնավոր ու օտարերկրյա ներդրումների վրա: «Փակ սահմանները շարունակում են կորսված տնտեսական հնարավորությունների պատճառ հանդիսանալ բոլոր կողմերի համար և ավելացնում են տրանսպորտային ծախսերը՝ լրջորեն սահմանափակելով առանց այն էլ դեպի ծով ելք չունեցող Հայաստանի արտաքին հաղորդակցության սահմանափակ հասանելիությունը և խաթարելով նրա մրցունակությունը»,- նշված է ՀԲ զեկույցում:



