Ուկրաինան մեծ փորձության առաջ է հայտնվում: 
Փաստորեն, Ուկրաինայում վրացական սցենարն է գործում: Ինչպես Վրաստանը, ազատվելով Աբխազիայից ու Օսեթիայից, ձեռք բերեց որոշակ անկախություն արտաքին քաղաքականություն իրականացնելու համար, այնպես էլ Ուկրաինան, ազատվելով Ղրիմից, դուրս է գալիս ԱՊՀ-ից և սկսում է մերձենալ Արևմուտքին, սակայն ի տարբերություն Վրաստանի, եվրոպական ապագան պետք է գրավիչ դառնալ նաև ռուսալեզու բնակչության համար: Այսինքն՝ պետք է որոշակի երաշխիքներ տա Ուկրաինայի արևելքի ու հարավի բնակչությանը, ինչպես նաև ընդունվեն եվրոպական քաղաքական և գաղափարական ստանդարտներ:
Այ այստեղ է, որ առաջանում են խնդիրներ Մայդանի հեղափոխության շարժիչ ուժի՝ ազգայնական խմբավորումների հետ: Փաստորեն, պետք է ընդունվեն օրենքներ և քաղաքական կանոններ, որոնք հակասում են Մայդանի ազգայնականների սկզբունքներին: Դրա համար են ազգայնական լիդերներն արդեն սկսել հակաեվրոպական հայտարարություններ անել: Եվրոպայի հետ Ուկրաինայի մերձեցումը խաչ է քաշում ազգայնականների քաղաքական հավակնությունների վրա: Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, ու կարծես թե առաջին զոհերը լինելու են Մայդանի «հերոսները», որոնց Արևմուտքը սկզբունքորեն չի ցանկանում ճանաչել: Բայց արդյոք նրանք հեշտորեն կհանձնվեն, հատկապես որ արդեն հասկանում են իրենց գլխի գալիքը: Իհարկե՝ ոչ: Որքան էլ աբսուրդ չհնչի, Ուկրաինայի ազգայնականները կարող են դառնալ Ռուսաստանի դաշնակիցները: Ռուսաստանը կամաց-կամաց դառնում է Եվրոպայի ազգայնական ուժերի հովանավորը, այսինքն՝ պոտենցիալում նաև ուկրաինական ազգայնականների հովանավորը: Կյանքը ցույց կտա, թե արդյոք հնարավոր են նման անհավանական շրջադարձնեը: Այս խնդիրը դառնում է Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականության առանցքը և հիմնական մարտահրավերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել