1in.am-ը գրում է.

Այն վճռականությունը, որ ցուցաբերում է Ռուսաստանը, վկայում է այն մասին, որ այս ամենը արկածախնդրություն չէ: Սա ցույց է տալիս, որ Եվրոպան, որը տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր ընդդիմախոսն է, մեծ զգուշավորություն է ցուցաբերում. գիտի, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները հետադարձ ձևով ազդելու են իր վրա, և ինքը շատ մեծ կորուստներ է կրելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին և ուկրաինական զարգացումներին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը անհաջող բանախոսություն է վարում, անհաջող բանավեճի լեզու է ընտրել՝ ասելով, թե երբեք չեն ճանաչի հանրաքվեի արդյունքները. «Ռուսաստանի նախագահ Պուտինը ավելի ընդունելի քաղաքականություն էր վարում, քաղաքագիտական տեսակետից ավելի ընդունելի էր այն, որ Ռուսաստանը դեմ է ահաբեկչությանն ու բռնություններին: Իսկ հիմա մենք գտնվում ենք բեկման կետում»:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Ղրիմի ինքնորոշումը կարող է Ղարաբաղի համար նախադեպ լինել, ապա քաղաքագետն ասաց. «Միանշանակ ասել չեմ կարող: Մենք չպետք է մտածենք, թե դեպքերի այս կամ այն ընթացքը միանշանակ կպայմանավորի Ղարաբաղյան հակամարտության այս կամ այն լուծումը: Գլխավոր խաղացողները յուրաքանչյուր հակամարտության նկատմամբ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում»:

Նա նաև հավելեց, որ այս ամենի կոնտեքստում Մինսկի խմբի համանախագահները կընդունեն այնպիսի կեցվածք՝ իբր ոչինչ չի պատահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել