Ջեյսոն Դիմիտրին քիչ էր մնում մահանար Կարիբյան ծովի արևմուտքում, որտեղ ջրի մեջ շողշողում է շափյուղան և երերում են խութերը: Անցյալ շաբաթվա վերջում Դիմիտրին նիզակ էր խրում ծովախութի մեջ՝ փորձելով շերտավոր փոկ որսալ, երբ հանկարծ, չգիտես, թե որտեղից, հայտնվեց կարիբյան շնաձուկը և հարձակվեց նրա վրա: Դիմիտրին խորն էր սուզվել (21.3 մետր), և նա սկսեց վեր լողալ՝ խոցելով արնախում շնաձկանը, մինչ այն փորձում էր հարձակվել իր վրա: Նա այս ամենը նկարահանեց GoPro 3 տեսախցիկով և այդ տեսանյութը տեղադրեց YouTube-ում: Հաշված օրերի ընթացքում տեսանյութը հազարավոր դիտումներ հավաքեց:
«Ես սուզվել սովորել եմ Կայմանյան կղզիներում,- տեսանյութի նկարագրության մեջ նշել է Դիմիտրին: Ես սիրում եմ այս վայրը և իմ հետագա ողջ կյանքի ընթացքում կշարունակեմ այստեղ զբաղվել դայվինգով: Այս բախումը ոչ մի կերպ չի կարող հետ պահել ինձ նորից ջուրը սուզվելու մտքից»:
Նա ասում է, որ Կարիբյան ծովում չափազանց շատ շերտավոր փոկեր կան, և ինքը չի պատրաստվում դադարեցնել դրանց որսը: Օվկիանոսագիտության ազգային կենտրոնների համաձայն՝ այս ինվազիվ տեսակը վարակի պես սփռվել է Կարիբյան ծովով մեկ: Ներկայումս մի հեկտարի վրա շերտավոր 1000 փոկ կա: Շերտավոր փոկերի առատությունը սպառնալիք է այնպիսի ձկնատեսակների գոյության համար, որոնք կարևոր նշանակություն ունեն էկոհամակարգի համար: Դիմիտրին ասել է. «Ես ցանկանում եմ հստակեցնել, որ ես որսում եմ շերտավոր փոկերին, որպեսզի այս կերպ խութերը պաշտպանեմ շերտավոր փոկերի կործանարար ազդեցությունից: Շնաձուկը իր բնական միջավայրում էր գտնվում: Ես թշնամաբար չեմ տրամադրված նրա հանդեպ»:



