Խնդրում եմ ինձ համար երկու բուլկի գնեք, սոված եմHraparak.am-ը գրում է.

Մարդու, մարդու՜ մասին չեն մտածում:  Հայաստանի հիմնական քաղաքական զանգվածը զբաղված է մեկը մեկի երեսին ցեխ շպրտելով, մեկը մեկին սևացնելով, մեկը մեկի երեսը մրոտելով… Ու նպատակը նույնն է՝ ես ավելի լավն եմ, քան դու, իմ կուսակցությունն ավելի լավն է, քան քոնը, ես ավելի շատ եմ մտածում ժողովրդի մասին, քան դու… Արդյունքում ոչ մի բան չի փոխվում: Ոչ մեկը չի ուզում տեսնել այն վիհը, որի եզրին կանգնած է, ոչ մեկը չի ուզում ընդհանուր իրավիճակի համար իրեն մեղավոր զգալ: Բոլորը մեղավոր են փնտրում, բանը հասել է այնտեղ, որ Հայաստանի այս վիճակի համար մի մասը Ռուսաստանին է մեղադրում, մյուս մասն էլ Եվրոպային ու Ամերիկային:

Ախր այստեղ մտածելու խնդիր չկա էլ: Ժողովուրդը դժգոհ է, չի կարողանում գոյատևել, ջրի բերանն ընկած գնում է: Ելք չտեսնելով, լքում է երկիրը: Այդ հիասթափված մարդու մասին մտածեք, վիզը ծուռ երեխայի մասին մտածեք, ամեն օր բուժման նպատակով փող աղերսող հիվանդի մասին մտածեք, կոմունալ վարձերի մուծումից  հետո ձեռքը դատարկ կենսաթոշակառուի մասին մտածեք, հաց մուրացողի մասին մտածեք… Երբ դա կանեք, նոր կհասկանաք, որ առավոտից երեկո իրար մեղադրելով, միայն ձեր փորն է կշտանում: Խաղեր տալով, սովածի հաշվին ձեր ստամոքսն եք լցնում:

Երեկ, հենց կառավարության շենքի դիմաց մի ծեր կին մոտեցավ ինձ: Սովորական մուրացկան չէր, իսկույն երևում էր: Ասաց՝ խնդրում եմ ինձ համար երկու բուլկի գնեք, սոված եմ: Հարցրի՝ ինչու՞ փող չեք ուզում, կարմրեց՝ ես մուրացկան չեմ: Ես հաց եմ ուզում: Երբ իմացա, որ ինքը ժամանակին ով է եղել, ոտքերս թուլացան: Ի՞նչ վիճակում է հայտնվել մտավորականը: Ոչ մեկս պաշտպանված չենք, վաղը յուրաքանչյուրս, եթե շարունակենք այս կերպ հարց լուծել,  նույն վիճակում ենք հայտնվելու: Տիկնոջ դեմքի յուրաքանչյուր մկան ամոթից թրթռում էր:

… Իսկ այսօր ավելի կարևոր խնդիր կա: Քաղաքական ուժերը մեկը մյուսին սևացնում են: Ու չգիտես ինչու, այդ սևացնողները մեկը մեկից կուշտ ու ապահով են ու չեն նկատում Հայաստանի քաղաքացուն, ով մի կողմ քշված ասում է՝ ես մուրացկան չեմ, սոված եմ:

 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել