10  Ջո Արիդի


Կոլորադոյի Պուեբլո քաղաքում 1936 թ.-ին բռնաբարեցին և կացնով սպանեցին 15-ամյա Դորոթի Դրեյնին: Դրեյնին սպանողը՝ Ֆրենկ Ագիլարը, ոստիկանությանը պատմեց, որ Դրեյնին սպանել է Ջո Արիդին: Այս կերպ նա փորձեց խուսափել պատասխանատվությունից: Պատասխանատվությունից խուսափել այնպես էլ չհաջողվեց, քանի որ հետագայում նա ինքն էլ մահապատժի ենթարկվեց սպանության համար: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց կասկածը գցել Ջո Արիդիի վրա և գոնե սկզբնական շրջանում ջրից չոր դուրս գալ: Իրավապահ մարմինները հավատացին Ագիլարի պնդումներին, ձերբակալեցին ու մեղավոր ճանաչեցին Ջո Արիդիին: Արիդին մտավոր հետամնաց երիտասարդ էր: Նրան բանտախուց ուղարկեցին, որտեղ նա ուրախ ու կայտառ տրամադրության մեջ անցկացրեց իր կյանքի վերջին օրերը: Անգամ դաժան բանտապահն էր համակրանք տածում Արիդիի նկատմամբ և նրան խաղալիքներ էր բերում, մինչ նա սպասում էր իր մահապատժին: Մահապատժի օրն Արիդին իրեն այնպես էր պահում՝ ասես հասկանում էր, թե իրեն ինչ էր սպասվում: Երբ քահանան նրա մոտ մտավ մահապատժից առաջ, նա քահանային ասաց. «Նրանք պատրաստվում են սպանել ինձ»:

Մահապատժից տասնամյակներ անց նա հետմահու արդարացվեց:   

 9  Դերեք Բենթլի


1952 թ.-ի նոյեմբերի 2-ին Անգլիայի Կրոյդոն քաղաքի պահեստի տանիքին ոստիկանության աշխատակից Սիդնի Մայլզը մահացավ կողոպտիչների արձակած կրակոցից: Կողոպտիչները 19-ամյա Դերեք Բենթլին և 16-ամյա Քրիստափոր Քրեյգն էին: Քրեյգը զինված էր, և երբ ոստիկանները փորձեցին կանխել կողոպուտը, նա սկսեց զենքով սպառնալ ոստիկաններին: Երբ ոստիկանության աշխատակիցները կարգադրեցին նրան իրենց հանձնել զենքը, Բենթլին մի անհասկանալի հրաման արձակեց. «Թողեք նա ունենա դա»: Քրեյգը կրակեց Մայլզի գլխին՝ ակնթարթորեն սպանելով նրան: Դատարանում Քրեյգը նշեց, որ Բենթլին է իրեն հրամայել կրակել՝ այսպիսով հանդիսանալով սպանության սադրիչ: 

Երկու տղամարդկանց էլ մեղավոր ճանաչեցին սպանության մեջ, սակայն հաշվի առնելով Քրեյգի տարիքը, նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման, իսկ Բենթլիին՝ մահապատժի: Հանցագործությունից հետո դեռ երեք ամիս էլ չէր անցել, երբ Բենթլին կախաղան հանվեց, ինչը հասարակական դժգոհության տեղիք տվեց:  Մահապատժից 40 տարի անց՝ 1993 թ.-ին, Բենթլիին պաշտոնապես արդարացրին:

 8  Ռոյ Մայքլ Ռոբերտս


Թեպետ Ռոյ Մայքլ Ռոբերտսը հեռու էր օրինակելի մարդ լինելուց, այն մեղադրանքները, որոնք հանգեցրին նրա մահապատժին, անարդարացի էին: Նրա բախտը պարզապես չբերեց: Երիտասարդ հասակում Ռոբերտսը ազատազրկման դատապարտվեց ռեստորանի կողոպուտ իրականացնելու մեղադրանքով: Հետագայում իրական հանցագործը խոստովանեց, որ ինքը մենակ էր կողոպտել ռեստորանը: Մի քանի ամիս էր մնացել, որ Ռոբերտսի ազատազրկման ժամկետը լրանար, երբ նրան մեղադրեցին Թոմ Ջեքսոն անունով բանտապահին բռնի ուժով պահելու մեջ: Ասում էին՝ իբրև նա պահել էր Ջեքսոնին, մինչ նրա երկու բանտակիցները մահացու հարվածներ էին հասցրել նրան: 

Թեպետ Ռոբերտսի հագուստի վրա չհայտնաբերվեցին բանտապահի արյան հետքերը, Ռոբերտսը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մահապատժի: Նա պնդեց, որ անմեղ է և առաջարկեց պոլիգրաֆ թեստի միջոցով համոզվել իր անմեղության մեջ: Թեստի արդյունքներից պարզ դարձավ, որ Ռոբերտսն իրոք անմեղ է: Այնուամենայնիվ, ոչ ոք հաշվի չառավ դա, և հաջորդ օրը նրան մահապատժի ենթարկեցին: Նրա վերջին խոսքերն էին. «Դուք անմեղ մարդու եք սպանում»:

 7  Ջոզեֆա Չիպիտա Ռոդրիգես

2- chipitaՋոզեֆա Ռոդրիգեսը հոր հետ Մեքսիկայից Տեխաս տեղափոխվեց մանուկ հասակում: Հայտնի էր, որ նա ճանապարհորդներին տաք կերակուր և գիշերելու վայր էր տրամադրում: Հոր մահից տարիներ անց նա շարունակում էր հյուրընկալ տանտիրուհու համբավ վայելել: Այդ հեղինակությունը հօդս ցնդեց միայն այն ժամանակ, երբ նրա հյուրերից մեկին հայտնաբերեցին կացնահարված վիճակում: Ռոդրիգեսին անմիջապես մեղադրանք ներկայացվեց: Սպանված հյուրի մոտ 600 դոլարին համարժեք ոսկի կար: Դրա համար էլ այնպիսի տպավորություն ստեղծվեց՝ ասես նա ոսկուն տիրանալու համար էր սպանել իր հյուրին:  

Չնայած, որ Ռոդրիգեսը թուլակազմ ու տարեց կին էր, նրան մեղավոր ճանաչեցին և կախաղան հանեցին: Հետագայում պարզվեց, որ Ռոդրիգեսի արտաամուսնական որդին էր սպանել նրա հյուրին, իսկ Ռոդրիգեսն իր վրա էր վերցրել հանցագործության պատասխանատվությունը՝ որդուն պաշտպանելու համար: 

 6  Կլոդ Ջոնս

1989 թ.-ին Տեխասում մի զինված տղամարդ ներխուժեց ալկոհոլային խմիչքի խանութներից մեկը և սպանեց խանութի 44-ամյա սեփականատիրոջը: Դեպքի վայրում մի մազ հայտնաբերվեց, որը ենթադրաբար պատկանում էր հանցագործին: Քանի որ ԴՆԹ հետազոտությունը այդ ժամանակ տարածված չէր, դատաքննիչները այդ մազը համեմատեցին 15 մարդու մազերի հետ, ովքեր սպանության օրը մտել էին խանութ: Այդ մազը ամենից շատ նման էր Կլոդ Ջոնս անունով մի մարդու մազերին: 1990 թ.-ին նրան սպանության մեղադրանք առաջադրվեց, և նա մահապատժի դատապարտվեց: Երբ մոտենում էր մահապատժի օրը, Ջոնսը խնդրեց այն ժամանակվա նահանգապետ Ջորջ Բուշին ԴՆԹ հետազոտության ենթարկել մազերը, քանի որ այդ ժամանակ ԴՆԹ հետազոտությունն արդեն լայն տարածում էր ստացել:

Բուշը նշում է, որ ինքը երբեք չի ստացել Ջոնսի խնդրանքը: Խնդրանքն ուղղելուց կարճ ժամանակ անց Ջոնսը մահապատժի ենթարկվեց՝ մինչև վերջին պահն էլ պնդելով, որ ինքն անմեղ է: Հետագայում կատարված ԴՆԹ հետազոտության արդյունքները կասկածի տակ դրեցին դատարանի վճռի արդարացիությունը, սակայն Ջոնսին փրկելու համար արդեն շատ ուշ էր: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել