Բազմամշակույթ երկիր լինելով` իր ստեղծման օրից ի վեր ԱՄՆ պոլիգլոտ երկիր է: Դեռևս 1646թ.-ին առնվազն 18 լեզու է գործածվել Մանհեթեինի կղզում: Գերմաներենը, օրինակ, տարածված էր Փենսիլվանիայի գաղութային շրջանում: Աֆրիկյան ստրուկները խոսում էին իրենց ազգային տասնյակ լեզուներով ու բարբառներով:

«US Census» ամերիկյան մարդահամարի բյուրոն տասնամյակների ընթացքում հետազոտել է ԱՄՆ-ում ակտիվ գործածվող լեզուներն ու անցկացված հետազոտությունը ներկայացրել աղյուսակի տեսքով` ներկայացնելով 1980 թ.-ից ի վեր ԱՄՆ-ի տարածքում ամենաշատ օգտագործվող ակտիվ խոսակցական լեզուների զարգացումն ու անկումը:

Այսպես, օրինակ, 1980թ.-ին ամենաշատ օգտագործվող լեզուներն էին իսպաներենը, իտալերենը, գերմաներենը, ֆրանսերենը և լեհերենը՝ համապատասխանաբար առաջինից հինգերորդ տեղերում: 30 տարի անց թոփ հնգյակը փոփոխվել է. իսպաներեն, չինարեն, ֆրանսերեն, տագալերեն, վիետնամերեն:

Լեզուների զարգացման ու անկման այս աղյուսակը նաև ցույց է տալիս ԱՄՆ-ի բնակչության դեմոգրաֆիկ փոփոխությունը:

Chart of languages spoken in the U.S. over time

Այսպես, ըստ աղյուսակի, արևմտյան եվրոպական մի շարք լեզուներ, օրինակ, իտալերենը, գերմաներենը, հունարենը, ինչպես նաև լեհերենը զգալի անկում են ապրել: Կտրուկ անկում է ապրել նաև իդիշը

Զարգացում է ապրել ռուսերենը՝ 14-ից հասնելով 8-րդ հորիզոնական, վիետնամերենը՝ 13-ից 5-րդ հորիզոնական, ինչպես նաև կորեերենը՝ 12-ից 6-րդ:

Ցանկի վերջին՝ 17-րդ հորիզոնականում է գտնվում հայերենը, որը մեկ հորիզոնականով բարձրացել է 1990թ.-ին՝ իր դիրքը պահպանելով մինչև 2010թ.: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի հետազոտության համաձայն՝ 1980թ.-ին 100.634 մարդ է խոսել հայերենով, 1990թ.-ին՝ 308.096-ը, որից 149.694-ը նշել են այն որպես իրենց մայրենի լեզու:  Արդեն 2000թ.-ին էթնիկ հայերի թիվն ԱՄՆ-ում կազմել է 385.488: 

Պետք է նշել, որ հայախոսների մեծ մասը բնակվում է Կալիֆորնիայում: Մյուս խոշոր հայախոս շրջանններն են Նյու Յորքը և Մասաչուսեցը:

Առայժմ դժվար ասել, թե բազմալեզու ԱՄՆ-ում ինչպիսի ճակատագիր է սպասում հայերենին, որն այդքան արագ դեմոգրաֆիկ փոփոխության է ենթարկվում, սակայն անչափ կարևոր է գիտակցելը, որ լեզուն ազգապահպան ամենակարևոր գործոններից մեկն է, որի զարգացման համար կարևոր ներդրումներ է անհրաժեշտ անել, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ունենալով մեծ սփյուռք, ունենք հատուկ նախարարություն, որը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:

Անհրաժեշտ է նաև նշել, որ չնայած հրապարակված ցանկում ընդամենը 17 լեզու է գրանցված, այնուամենայնիվ, զարգացում են ապրում նաև արաբերենը, հինդին և ուրդուն, որոնք գրանցված չեն ցանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել