Քաղաքական բոմժի կարգավիճակում այսօր ասուլիս է տվել Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Անգամ Պուտինի ընդունելությանը չարժանացած, սեփական երկրից մերժված մարդը Ռոստովից հոխորտում է, թե ինքը շարունակում է նախագահ մնալ, մեղադրում է բոլորին, նվնվում է անգամ Ռուսաստանի նախագահի «զուսպ» պահվածքից։
Այս ամենը կարող էր անգամ զվարճալի լինել,եթե «Յանուկովիչ» օպերացիան չլիներ ռուսական քաղաքականության մաս, բաղկացուցիչ, Ուկրաինայի մասնատմանն ուղղված պրովոկացիա։
Ռուսաստանցի զինվորականները շրջապատել են Սևաստոպոլի օդանավակայանը, իսկ Սիմֆերոպոլում ռուսները պարզապես գրավել և հսկողության տակ են վերցրել տեղի օդանավակայանը, Ղրիմի խորհրդարանը հակված է թերակղզու ինքնավարության ընդարձակման, կամ որ նույնն է՝ կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել, ընդ որում՝ մայիսի 25–ին՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների օրը։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես ՌԴ-ի կողմից զինված ներխուժում և օկուպացում։
Գանք ղրիմյան հանրաքվեին, որի ենթադրյալ օրը ոչ պատահաբար համընկել է ուկրաինական համապետական ընտրութունների հետ։
Եթե ես ասեմ, որ այս հանրաքվեն ռուսական սադրանք է, շատեն ասելու են՝ այդ ինչպե՞ս Ղարաբաղին կարելի է անկախություն, իսկ Ղրիմին՝ ոչ։
Միանգամից ասեմ, որ խոսքը միանգամայն տարբեր երկու գործընթացների մասին է։
Ղարաբաղն իսկապես ինքնորոշվել է, իսկ Ղրիմը ռուսաֆիկացվում է. բավական է նշել, որ թերակղզում մասսայաբար բաժանվում են ռուսական անձնագրեր, գործող հիմնական սուբյեկտն ոչ թե հասարակությունն է, այլ՝ ռուսական զորամիավորումը։
Երկրորդ, Ղարաբաղն անկախացել է այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան, Ղրիմի հանրաքվեն հակասում է Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն երաշխավորող Բուդապեշտի հռչակագրին, որն, ի դեպ, ԱՄՆ–ից ու Մեծ Բրիտանիայից բացի՝ ստորագրել է նաև Ռուսաստանը։
Եվ ամենաէականը՝ Ղարաբաղն ինքնորոշվել է ավտորիտար Ադրբեջանից՝ ստեղծելով շատ ավելի բաց համակարգ, Ղրիմը փորձում է առանձնանալ դեմոկրատացող Ուկրաինայից՝ տոտալիտար Ռուսաստանի դրդմամբ։
Միջազգային ընկալման տեսանկյունից՝ Ռուսաստանն առայժմ չի մարսել վրացական պատերազմը, ղրիմյան հնարավոր ավանտյուրան կարող է դառնալ ռուսական կայսերապնշտության դագաղի վերջին մեխը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել