Tert.am-ը գրում է.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրները, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրին, ինչպես նաև մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի:
Հանրային խորհրդի նախագահը ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի առաջարկություններ, մասնավորապես՝ նվազեցնել ներկայացված 5 տոկոսի շեմը` հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել և այլն:
Վարչապետ Սարգսյանն, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց:
«Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն և երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է: Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց և այժմ այն գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այն, որ կենսաթոշակային բարեփոխման հարցում հասարակությունը ներկայացնում է իր կարծիքը, քանի որ դա նպաստում է նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



