Aysor.am-ը գրում է.

Ես եկել եմ ասելու, որ շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար: Այս մասին այսօր Դոնի Ռոստով քաղաքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը.

«Պետք է ասեմ, որ ինձ ոչ մեկ պաշտոնանկ չի արել: Ես Ուկրաինայից հեռացել եմ իմ և իմ հարազատների կյանքին սպառնացող վտանգի պատճառով»,- ասաց Յանուկովիչը՝ ավելացնելով, որ Ուկրաինայում ազգայնական ու պրոֆաշիստական ուժերը բռնագրավել են իշխանությունը.

«Այդ ուժերը ներկայացնում են Ուկրաինայի բնակչության փոքրամասնությունը»,- ասաց Յանուկովիչը:

Որպես ճգնաժամից դուրս գալու ելք՝ նա մատնանշեց իր և ընդդիմության առաջնորդների միջև կնքված համաձայնագրի կետերի կատարումը.

«Շատ կարևոր է՝ անցկացնել Կիևում տեղի ունեցած բռնության դեպքերի արդար քննություն: Բռնագրավված շենքերը պետք է վերադարձվեն պետությանը, ապօրինի զենքը պետք է հանձնել: Զինված մարդիկ պիտի հեռանան Կիևի փողոցներից»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը:

Նա նշեց, որ բարդ կլինի դուրս գալ ծանր իրավիճակից, բայց Ուկրաինան ուժեղ երկիր է ու կկարողանա դա անել. 

«Ցավալի զոհերը քաղաքական ճգնաժամի, արևմուտքի անպատասխանատու քաղաքականության հետևանք են, որը պաշտպանում էր Մայդանը: Բայց՝ էլի եմ ասում, Ուկրաինան ուժեղ երկիր է և մենք կկարողանանք ոտքի կանգնել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հեռացրեց Յանուկովիչին գործող նախագահի պաշտոնից, իսկ փետրվարի 21-ից մինչ այս պահը, նրա գտնվելու վայրն անհայտ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել