168.am-ը գրում է.
Ուկրաինան փլուզվել է: Այսպիսի եզրակացության է եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր հրավիրված ասուլիսում խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին` նա ասաց.
«Այժմ Ղրիմի իշխանության վիճակը լավ չէ, հասկանալի է, թե ինչ քանակությամբ մարդիկ և ինչպես են հայտարարել այնտեղ այդ հանրաքվեի մասին, պարզ չէ, թե ինչպիսի բովանդակություն է ունենալու այդ հանրաքվեն, Կիևն արդեն հայտարարել է, որ այդ հանրաքվեն որևէ իրավական ուժ չունի, Կիևի հայտարարությունների իրավական ուժը ևս բավական կասկածելի է, իսկ Յանուկովիչն արդեն երկրորդն օրն է, ինչ Ռոստովում պատրաստվում է մամուլի ասուլիսի (այն կկայանա այսօր` փետրվարի 28-ին,-Ա.Ս.), որին ոչ բոլոր լրագրողներին թույլ կտան մասնակցել:
Սա փլուզում է, և, ցավոք սրտի, երբ ինձ հարցնում են` կփլուզվի՞ արդյոք Ուկրաինան, այդ հարցն այնքան էլ տեղին չէ, Ուկրաինան արդեն փլուզվել է»: Իսկանդարյանի կարծիքով` ամենացավալին այն է, որ երկրում չի աշխատում որևէ պետական կառույց, և իրավիճակը շատ ծանր է: «Եվ եթե մայիսին հաջողվի նախագահական ընտրություններն անցկացնել գոնե երկրի տարածքի մեծ մասում, և ընտրություններին մասնակցի բնակչության կեսից ավելին, ապա դա մեծ հաջողություն կլինի: Ես չեմ կարծում, որ մեծ են հնարավորությունները` հավաքել Ուկրաինան, վերջին շրջանում իրավիճակն այդ առումով ավելի է վատանում, բայց հնարավորություններ դեռ մնում են»,- նշեց վերլուծաբանը:
Անդրադառնալով այն տեսակետին, որ Ուկրաինան համեմատում են Կոսովոյի ճգնաժամի հետ, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ավելի շուտ Ուկրաինան «Եգիպտոսի և Լիբիայի մեջտեղում է»: Նա նկատի ունի այն գործընթացները, որոնք եղան այդ երկրներում «Արաբական գարնան» հեղափոխական ալիքից հետո, երբ տապալվեցին Եգիպտոսում Մուբարաքի, այնուհետև` Մուրսիի իշխանությունները, իսկ Լիբիայում` Քադաֆիի ռեժիմը:
«Ինչու եմ ասում Եգիպտոսի և Լիբիայի մեջտեղում, որովհետև մի կողմից` Ուկրաինայում չկա կենտրոնական իշխանություն, ինչպես Եգիպտոսում էր, մյուս կողմից` երկիրը պառակտվում է տարբեր մասերի, ինչպես Լիբիայում: Այսօր Լիբիան, որպես իրական միասնական պետություն, գոյություն չունի, այն գոյություն ունի միայն աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Իհարկե, Ուկրաինան դեռ Լիբիա չէ, բայց շարժվում է այդ ուղղությամբ` շրջանների վրա վերահսկողությունը կորցնելու իմաստով»,- բացատրեց Իսկանդարյանը: Հարցին, թե որքանո՞վ եք հավանական համարում, որ Ուկրաինան կբաժանվի երկու մասի, քաղաքագետը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ երկու մասի, ես արդեն ասացի` դա հեռանկար չէ, դա արդեն եղել է: Ուկրաինան այժմ ոչ թե երկիր է, այլ տարածք: Ինչի՞ երկու, տասներկու, քսաներկու, հարյուր երկու»: Անդրադառնալով Ղրիմի խնդրին` Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի կարող ասել, թե ընդհանրապես հնարավոր չէ, որ Ղրիմի ինքնավարությունն անջատվի Ուկրաինայից և միանա Ռուսաստանի Դաշնությանը, բայց քիչ հավանական է համարում այդպիսի զարգացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



