Lragir.am-ը գրում է.

Մոսկվան ալեկոծված ու խիստ վիրավորված է, փորձելով կիրառել հնարավոր ամեն ինչ, այդ թվում ռազմական շանտաժի մեթոդներ: Ռուսները չափազանց շատ են ուզում նմանվել ամերիկացիներին, փոխառելով նրանց ոճը եւ մոտեցումները տարածաշրջանային քաղաքականության մեջ, եւ նրանց թվում է, որ բավական է կիրառել ամերիկյան քաղաքական տեխնոլոգիաներ՝ եւ հաջողությունն ապահովված է:

Սակայն, որքան էլ ռուսները ջանք թափեն, այս իրավիճակում կստանան ոչ այն արդյունքները, ինչ ստացան ամերիկացիները «տաք ծովերում» եւ արեւելքի անապատներում: Ռուսների գործողությունները տարածաշրջաններում միշտ նման են լինելու Չեխոսլովակիայի, Հունգարիայի եւ Աֆղանստանի արդյունքներին:

ԶԼՄ-ները հայտնում են, որ ուկրաինական սահմանների մոտ Ռուսաստանն անց է կացնում չծրագրած ռազմական մանեւրներ: Հետո՞ ինչ՝ ռազմական ներխուժում, արյունալի բախումներ, տասնյակ հազարավոր զոհեր եւ հավերժական փակուղի, երաշխավորված շրջափակում արեւմտյան ուղղությամբ:

Երեւում է Մոսկվայում Ձախափնյա շրջանների եւ Նովոռոսիայի ռուսալեզու բնակչության աջակցության հույս ունեն: Դա լիակատար պրոֆանացիա է, որը հիմնված է ռուսների գիտակցության եւ ընկալումների մեջ ուկրաինացի ժողովրդի ավանդական տիպականացման վրա («Ամեն մի խախոլի՝ մեկական կիլոգրամ սալ». Կարծես թե ռուսները կհրաժարվեին ուկրաինական սալից):

Մոսկովյան պետության եւ Ռուսական կայսրության քաղաքական տարածքի ձեւավորումը տեղի է ունեցել տարբեր ժողովուրդների, նախեւառաջ ուկրաինացիների մասնակցությամբ եւ գործընկերությամբ: Ուկրաինացիները դարձան կազակության առաջացման բազային էթնոս, որը կայսրության ստեղծման, «տափաստանի» ու Սիբիրի անծայրածիր տարածքների պաշտպանության կարեւորագույն գործոնն էր: Այս տարածքները ռուսական պետությունն ի վիճակի չէր պաշտպանել ու յուրացնել առանց կազակների ակտիվ մասնակցության:

Բոլոր ժամանակներում ռուսական էլիտան, այդ թվում գեներալիտետը, գիտնականները եւ արտադրության կազմակերպիչները հիմնականում եղել են ուկրաինացիներ (հիշեք երկրորդ աշխարհամարտի մարշալների ու գեներալների անունները): Կայսրության տարածքների ընդլայնման արդյունքում ռուս եւ ուկրաինացի բնակչությունը, Սիբիրից, Ուրալից, Հեռավոր Արեւելքից, Հյուսիսային Կովկասից ու Կենտրոնական Ասիայից բացի, բնակեցրել են նաեւ Դոնեցկի երկրամասը եւ Մերձսեւծովյան տարածքները: Վերաբնակների ավելի շատ մասն այնուամենայնիվ եղել են ուկրաինացիները:

Ուկրաինայի ժողովրդական հանրապետության ստեղծման ժամանակ Պավել Սկորոպադսկին, Միխայիլ Գրուշեւսկին եւ ուրիշները չեն հավակնել Նովոռոսիային ու Տավրիային, ինչպես նաեւ Դոնեցկի երկրամասին: Սակայն, տարածքային բաժանումները խորհրդային ժամանակաշրջանում կատարվում էին էթնիկ եւ աշխարհքաղաքական հատկանիշներով:

Ներկայում միայն Ղրիմում են ուկրաինացիները փոքրամասնություն, իսկ պրո-ռուսական կողմնորոշում ունեցող Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ուկրաինացիները կազմում են բնակչության կեսից ավելին:

Իհարկե, Ղրիմը, Օդեսան էթնոմշակութային, լեզվական, պատմական պլանում Ռուսաստանի մաս են, սակայն դժվար է նույնն ասել երկրի այլ տարածաշրջանների մասին:

Ներկայում Մոսկվայի խաղադրույքը ռուսալեզու բնակչության վրա պատրանքային է. Հարավ-արեւելքի ուկրաինացի բնակչության գերակշիռ մասը կողմ է Ռուսաստանի հետ սերտ կապերին, սակայն երբեք չի գնա երկրի բաժանմանը կամ փլուզմանը, կամ Ռուսաստանին այդ մարզերի միացմանը:

Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս, որ ԽՍՀՄ փլուզման գործընթացը դեռ չի ավարտվել, եւ 90-ականների սկզբի փլուզման թեթեւությունն ու պարզությունն անկասկած ուներ «դանդաղ գործողության ականի» բնույթ: Հիմարություն կլիներ Ելցինի թիմին վերագրել նման ռազմավարական մտածողությունը, սակայն այդ «ռումբը» դրվել է ոչ թե փլուզման պահին, այլ 20-ական թվականներին խորհրդային հանրապետությունների կազմավորման ժամանակ:

Ռուսաստանն այսպես թե այնպես փոխզիջման է հասնելու Ուկրաինայի հետ, եւ այդ փոխզիջման շրջանակներում Ուկրաինան կարող է զիջել որոշ տարածքներ, օրինակ՝ Ղրիմը, եւ ձեռք բերել արտաքին մեծ անկախություն: Միեւնույն ժամանակ, Ուկրաինան հազիվ թե փոխզիջման առարկա դարձնի Եվրոպական միությանը եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր իրավունքը:

Որքան շուտ Ռուսաստանը համակերպվի դրան, այնքան շուտ հրաժեշտ կտա կայսրության ուժից վեր բեռին, դրա դիմաց վճարելով սեփական հավակնություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել