Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ ելույթների ժամին հայտարարեց, որ «Ժառանգությունը» կողմ է քվեարկելու 2008թ. մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու նախագծին և ասաց, որ վաղուց պետք էր հասկանալ, որ ուժով հարցեր չեն լուծվում։


«Ե՞րբ պիտի օրվա իշխանությունը՝ սկսած 1998-թվից, հասկանա, որ ավտոմատը չպետք է մտնի ընտրատեղամաս, ազատության հրապարակ»,– խորհրդարանին հարցրեց նա:


Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ քանի դեռ այս հանցագործությունը չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել, այն կրկնվելու պոտենցիալ ունի, առավել ևս, երբ բոլորը գիտեն, թե սոցիալ-տնտեսական ինչ վիճակում է գտնվում երկiրը:


Անդրադառնալով նախագիծը ԱԺ ներկայացրած «Հայ ազգային կոնգրես» խմբակցությանը՝ պատգամավորը նկատեց, որ անկեղծության պակաս կա այդ նախագծում, գլխավոր զեկուցողը, լինելով իրավաբան, պետք է որևէ պատճառահետևանքային կապ տեսներ մարտի մեկի մեջ:

«Մարտի մեկը հետևանք է: Պետք է անկեղծությամբ դրվի, թե ինչո՞ւ են այդ դիպուկահարները պետք իշխանություններին: Մենք, ցավոք սրտի, ապրում ենք կիսաճշմարտությունների ժամանակներում և, կարծես թե, վերջնական ճշմարտությունը չկա»,- ասաց նա և նշեց, թե ինչ տրամաբանություն ունի բումերանգը։
«Բումերանգը սարսափելի հատկանիշ ունի, այն ինչքան ուշ է հետ գալիս, այնքան հարվածն ավելի ուժեղ է լինում, և երբ 1995-1996 թվականներից հետ եկավ այդ բումերանգը, 10 զոհ ունեցանք»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել