1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նոր կառավարությունը կձեռնարկի բոլոր օրինական միջոցները՝ Ղրիմում իրավիճակը կայունացնելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության նախագահ Արսենի Յացենյուկը, որի թեկնածությունն առաջարկվում է վարչապետի պաշտոնին:
«Նոր կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ և կընդունի բոլոր օրինական միջոցները՝ Ղրիմում իրավիճակը կայունացնելու և շրջապատող աշխարհին, Ուկրաինայի հարևաններին հասկացնել տալու համար, որ Ուկրաինան ինքնիշխան ամբողջական պետություն է՝ առանց անջատողականության»,- ընդգծել է նա:
Այսօր Ուկրաինայի նախագահի պարտականությունները ստանձնած, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Ղրիմի հարցով խորհրդակցություն է անցկացնում ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ: Ժողովից առաջ Տուրչինովը քաղաքացիներին կոչ է արել պահպանել հանգստություն: Հայտնի է, որ նա ուժայիններին հանձնարարել է պատժել հանցագործներին:



