Araratnews.am-ը գրում է.
Այսօր Աժ-ում քննարկվում էր Մարտի մեկի իրադարձությունների բացահայտման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը: Իր ելույթում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտա Եսայանն ասաց, որ պատրաստ է կամուրջ լինել ընդդիմադիր և իշխանական ուժերի միջեւ, սակայն այս հարցում հանձնաժողովի ստեղծումը ոչ մի օգուտ տալ չի կարող:
«Ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի, որպես մայր, որպես տատիկ, որպես նախկին լրագրող և որպես քաղաքական գործիչ, կարևոր է այս դահլիճում նստածների հետ միասին, որպեսզի իմ կողմից շատ սիրված Նիկոլ Փաշինյանը մեղավորների մասին խոսելով ասեր, որ մի քիչ էլ ինքն է մեղավոր,կամ գուցե շատ: Ես խոսելով` ասեի, որ մի քիչ էլ ես եմ մեղավոր: Երբ մենք այս տրամաբանությամբ ապրենք ու այս տրամաբանությամբ աշխատենք, մեր երկիրը շատ ավելի լավը կլինի»,- ասաց նա:
«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ հանձնաժողովներով հարցեր չեն լուծվում: Ես կարող եմ լավամարդ լինել և մի քիչ վախենալ, որ ինձ կքարկոծեն` ասելով, որ Մարգարիտ Եսայանը դեմ է Մարտի մեկի հանձնաժողովին: Ես գիտեմ իմ խմբակցության որոշումը, բայց ես ունեմ այդքան տղամարդկություն. կանգնել, ասել, որ կողմ եմ, բայց ես իրականում կողմ չեմ: Նույնիսկ եթե իմ թիմը ասեր, որ կողմ է, ես էլի պիտի ասեի, որ դեմ եմ, որովհետև չեմ ուզում թոզ փչել նրանց հարազատների աչքերին:
Ես համաձայն եմ Ալիկ Արզումանյանի առաջարկին. եկեք ուրիշ բան անենք: ԱԺ-ով դիմենք կառավարությանը, դիմենք իշխանությանը և ասենք՝ այդ մարդկանց բարոյական, ֆինանսական վնասները ինչու մինչև հիմա փոխհատուցված չեն:
Ուզում եմ նաև անդրադառնալ Լյուդմիլա Սարգսյանի ասածներին: Օպոզիցիա լինելը շատ լավ բան է: Բայց… մենք ավելի պատասխանատու ենք այսօր: Եթե պարոն Արզումանյանը ասում է Մարգարիտը ոչ այս կողմ է, ոչ այն կողմ, եթե այդպես եք ընկալում ինձ, ես պատրաստ եմ կամուրջ դառնալ, սիրելի ընդդիմադիր գործընկերներ: Եկեք իմ վրայով անցեք, միացեք: Պատրաստ եմ լինել այդ կամուրջը»,- վստահեցրեց Մ. Եսայանը:



