Ելույթ ԱԺ-ում մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նածագծի շուրջ

Հարգելի գործընկերներ, 

Օրինաչափ է, որ մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը դառնում է խորհրդարանական բուռն քննարկումների առարկա, ընդ որում, ոչ միայն բուն հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության, այլև ավելի լայն՝ շուրջ վեց տարի առաջ այս օրերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ու դրա ահռելի, գուցեև, մինչ օրս ամբողջությամբ չհաղթահարված հետևանքների համատեքստում: Անկեղծորեն խոստովանեմ, որ ելույթիս թեզերը նախապատրասելիս ստիպված եմ եղել նախապատվությունը տալ ավելի շատ իմ մասնագիտական խղճին ու հայացքներին՝ համարելով, որ այդկերպ ասելիքս առավել համակողմանի, անաչառ ու օգտակար կարող է լինել: Եթե կուզեք, նման տրամաչափի ողբերգական իրադարձության անաչառ վերլուծությունը, իմ խորին համոզմամբ, հենց քաղաքական նպատակահարմարությունից զերծ մոտեցում էլ պահանջում է: 

Եվ այսպես: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի ունեցավ վեց տարի առաջ՝ ոչ միայն մեծ զայրույթ, խորը հիասթափություն պատճառեց և տևական հուսահատության մղեց մեր ժողովրդին, ոչ միայն երկիրը հետ շպրտեց զարգացման իր բնականոն հունից և բերեց միջազգային հանրության աչքում Հայաստանի հեղինակության կորստի, այլև՝ արձանագրեց պետական, քաղաքական, հասարակական ու անգամ հոգևոր հաստատությունների վստահության մեծ ճգնաժամ, հասարակության շրջանում և քաղաքական դիմակայության կողմերի միջև գեներացրեց փոխադարձ աննախադեպ ատելություն, այդպիսով, դառնալով մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ երկրորդ մեծ խարանը՝ սև խոռոչը, հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո: Գալիք սերնդի պատմաբանները, մեր ժողովրդի հավաքական հիշողությունը, հիսուն-հարյուր տարի անց, զերծ լինելով քաղաքական ու այլ նախապաշարմունքներից, կարձանագրի չոր փաստը. 21-րդ դարի սկզբում՝ անկախության 17-րդ տարում, Երևանի կենտրոնում կրկին հայի արյուն թափվեց և ցավոք, Հայաստանի առաջին երեք նախագահները միասին, Վեհափառ Հայրապետը, մեր մտավորականությունն ու քաղաքական դասը, ոչ ոք չկարողացավ այն կանխել: Տա Աստված, իհարկե, որ այդ սերնդի պատմաբանները առիթ ունենան նաև արձանագրելու, որ հայ ժողովուրդը ըստ արժանվույն իմաստավորեց մարտիմեկյան դասերը և ողբերգական նման իրադարձություններ այլևս երբեք չկրկնվեցին: 

Արդեն վեց տարի տևող հասարակական-քաղաքական դիսկուրսում ես չեմ հանդիպել որևէ պնդման, քաղաքական կամ ապաքաղաքական որևէ շրջանակի կողմից արված որևէ հայտարարության, որը կասկածի տակ կդներ մարտիմեկյան իրադարձությունների անաչառ ու ամբողջական հետաքննության, տաս զոհերի մահվան հանգամանքների լիարժեք բացահայտման և քննչական ու իրավապահ այլ մարմինների գործողությունների գնահատման անհրաժեշտությունը: Բայց անկեղծությունը պահանջում է արձանագրել, որ, ցավոք, խորհրդարանական կամ այլ ժամանակավոր հանձնաժողովների ստեղծմամբ այսօր հազիվ թե հնարավոր է հասնել դրված խնդիրների լուծմանը: Բացատրեմ կարծիքս: Խնդիրն այն է, որ վեց տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները և դրանց մասին տիրապետող գնահատականները, խոշոր հաշվով, քաղաքականացված են և մասն են 2008 թ. տեղի ունեցած նախագահական ընտրությունների, դրանց ելքի և հետընտրական զարգացումների վերաբերյալ քաղաքական իշխանության և ընդդիմության ունեցած տրամագծորեն հակառակ գնահատականների: Ուստի, տրամաբանությունը հուշում է, որ քանի դեռ քաղաքական կոնյուկտուրայի իշխանական ու ընդդիմադիր հատվածները գրավում են հենց այն քաղաքական ուժերը, որոնք 2008 թ. գտնվում էին քաղաքական սուր դիմակայության տարբեր կողմերում, պարոն Ջհանգիրյան, քաղաքական ու դիվանագիտական ինչ նրբին հնարքներ էլ կիրառենք, ինչ էլ այստեղ ասենք, ցանկացած նման հանձնաժողովի կամ հարթակի ձևավորման տողատակում կողմերից յուրաքանչյուրը տեսնելու է մի լրացուցիչ հնարավորություն՝ հիմնավորելու, փաստարկելու 2008 թ. ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ իր պատկերացումներն ու քաղաքական գնահատականները: Իսկ դա նշանակում է, որ ինչպիսի եզրակացության էլ հանձնաժողովը գա, դա, հասկանալիորեն լինելու է քաղաքականացված գնահատական՝ հիմնավորելու գոյություն ունեցող տեսակետներից մեկը կամ մյուսը, իսկ լավագույն դեպքում՝ երկուսը միասին: Սա է ակնհայտ իրականությունը: Թող ներեն ինձ առավել լավատեսները, բայց չեմ պատկերացնում, թե, քաղաքական ուժերի դասավորության այս պայմաններում, ինչպիսի եզրակացության կարող է հանգել խորհրդարանական հանձնաժողովը, որը բավարարի նույն խնդրի վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեցողներին: Ուստի, որքան էլ դառը, սակայն, գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ 2008 թ. քաղաքական դիմակայության, մարտիմեկյան ողբերգության բոլոր հանգամանքները հնարավոր կլինի օբյեկտիվորեն բացահայտել, և որ ավելի կարևոր է, շահել հանրության վստահությունը այդ բացահայտումների շուրջ միայն այն ժամանակ, երբ այդ ու հարակից իրադարձությունները կդադարեն լինել երկրի ներքաղաքական օրակարգի ձևավորման կարևոր աղբյուր, երբ մարտիմեկյան թեման կդադարի կրել քաղաքականացված լինելու դրոշմը, երբ ժամանակն ու քաղաքական դերակատարները որևէ շահագրգռվածություն չեն ունենա՝ հիմնավորելու կամ հերքելու այդ իրադարձությունների շուրջ առկա այս կամ այն տեսակետը: Ցավոք, սա է համանման այլ դեպքերի մասով պատմության անհերքելի դասը: 

Հարգելի գործընկերներ: 

Այս նախաձեռնությունը երևի լավագույն առիթն է իմաստավորելու մարտիմեկյան դասերը, խոսելու, խորհելու, թե արդյոք մենք, որպես հավաքականություն, ժողովուրդ, հասարակական-քաղաքական հանրույթ, բավարար հետևություններ արել ենք ողբերգական այդ իրադարձություններից: Իմ կարծիքով, ցավոք, ոչ ամբողջովին, իսկ պատմությունը առանձնակի դաժանությամբ է պատժում իր դասերը չսերտած ժողովուրդներին: Ցավոք, սա է մեր և ուրիշ ժողովուրդների պատմության խտացված փիլիսոփայությունը: 

Մի կողմ եմ դնում օրենսդրական ու նորմատիվային այն փոփոխությունները, որոնք կատարվեցին մարտիմեկյան խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության արդյունքում, մի կողմ եմ դնում ակնհայտ իրականությունը, որ գործող քաղաքական իշխանությունը՝ Նախագահ Սարգսյանը, հանդես է գալիս քաղաքական հանդուրժողականության և երկխոսության դիրքերից և քաղաքական մրցակիցներին իր կամ ազգի թշնամի չի համարում ու զբաղված չէ քաղաքական այլատյացության սերմանմամբ, մի կողմ եմ դնում իրողությունը, որ լրատվամիջոցների, խոսքի և հավաքների ազատության առումով մենք ապրում ենք լրիվ այլ իրականությունում, քան էինք 2008 թ.-ին, մի կողմ եմ թողնում մարտի 1-ից ի վեր իշխանություն-ընդդիմություն քաղաքական երկխոսության, թեկուզև կիսատ, թեկուզև անպտուղ, բայց երկու-երեք ակնառու դրսևորումները, մի կողմ եմ թողնում նաև հենց այս քառօրյայի ընթացքում քաղաքական մեծամասնության կողմից՝ գազամատակարման խնդիրների շուրջ ընդդիմության հետ երկխոսության գնալու քաղաքական կամքի դրսևորումը, ինչը միանգամայն օրինաչափ և քաղաքական հարգանքի արժանի կեցվածք է ու իր շարունակությունը պետք է ունենա նաև հանրային մեծ հնչեղություն ունեցող այլ խնդիրների պարագայում: Նման բազմաթիվ այլ փաստեր ևս կարելի է բերել: 

Բայց կարևորագույն փաստն այլ է: Մենք՝ քաղաքական ներկապնակի դերակատարներս, բոլորս, ցավոք, ոչ ամբողջությամբ ենք սերտել մարտի մեկի դասերը: Պետք է անկեղծ լինել մինչև վերջ և արձանագրել, որ այդ դասերը երբեք էլ չեն սերտվի, քանի դեռ օրվա իշխանությունն իր ներսից արմատախիլ չի անի մտայնությունը, որ ընտրություններում հնարավոր չի պարտվել կամ որ քաղաքական կնճիռները կարելի է լուծել ոչ քաղաքական մեթոդներով, քանի դեռ արմատախիլ չի արվի այն կեղծ մտայնությունը, որ ընդդիմությունը մեր հայրենիքն ավելի քիչ է սիրում, քան՝ մենք, քանի դեռ չի գիտակցի, որ դժգոհ քաղաքացու ձայնը պետք է լսվի և անպայման հաշվի առնվի: Այդ դասերը երբեք էլ չեն սերտվի, քանի դեռ օրվա ընդդիմությունն իր ներսից արմատախիլ չի անի մտայնությունը, որ ընտրություններում հաղթում է բացառապես ինքը՝ ընդդիմությունը, և որ քաղաքական իշխանության ճանապարհին ոչինչ այնքան արժեքավոր չէ, որքան հրապարակում թափված արյունը, քանի դեռ չի մերժվել կործանարար մտածողությունը, որ բոլոր իշխանավորները ազգի դավաճաններ են կամ թալանչիներ, քանի դեռ հանուն սեփական վարկանիշի, հանուն քաղաքական հատվածական շահերի ինքներս մեզ կբարիկադավորենք մենքի ու նրանքի ճամբարներում՝ հրճվելով անգամ, երբ մեր քաղաքական մրցակցի տանը տխուր դեպք պատահի կամ ամենասուր հայհոյոնքով վիրավորենք մեր քաղաքական ընդդիմախոսներին: 

Ցավոք, սա է իրականությունը, ինչքան էլ այս պահին ու այստեղ այն մեզ տհաճ թվա: Իմ խորին համոզմամբ, հենց այս պարզ դասերը մենք կարող ենք և պարտավոր ենք այսօր սերտել, հենց այս դասերի սերտումը կլինի մեր լավագույն հարգանքը մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին, իսկ օդում մնացած որևէ հարց ժամանակի մեջ անպատասխան չի մնա: 

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել